“Սերժ Սարգսյանն ափերի մեջ է” . հոգեբան
‘Ընտրություններն ընդհանրապես հասարակության մոտ որոշակի լարվածություններ են ստեղծում, լինեն դրանք խորհրդարանական, նախագահական, թե այլ, քանի որ հասարակությունը հասկանում է, որ ինչ-որ փուլային նշանակություն ունեցող իրադարձություններ են տեղի ունենում’,-Henaran.am-ի հետ զրույցում, վերլուծելով նախագահական ընտրությունների ազդեցությունը հասարակության վրա, ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Հոգեբանի համոզմամբ` տհաճ հիշողությունները, օրինակ` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին արված պաշտոնանկությունները, այս կամ այն ձերբակալությունները, բռնությունները ևս մարդկանց վրա նախընտրական փուլում սթրեսային ազդեցություն են ունենում:
‘Մարտի մեկի նման դեպքերը սթրեսային իրավիճակի մեջ են գցում, եթե ընտրությունները կապվում են ժողովրդական խռովությունների հետ, իհարկե, լարված հոգեվիճակներ են առաջանում’,-պարզաբանեց Նալչաջյանը` հավելելով, որ հայ հասարակության մոտ դեռևս թարմ են խորհրդարանական ընտրությունների տպավորությունները, 2008-ի իրադարձությունները:
Բացի սա մարդիկ սթրեսային իրավիճակում են հայտնվում, երբ կորցնում են հավատը: Նրանց մոտ հավատը վերականգնվում է, երբ օրինակ` քաղաքական գործիչները գնում են հեռավոր մարզեր, գյուղեր, մարդիկ մտածում են,`եթե եկել են, ուրեմն իմ ձայնը կարևոր է և գնում են ընտրության:
‘Մարդիկ պետք է հավատան, որ իրենց ձայնը նշանակություն ունի: Բայց ամեն դեպքում ընտրությունը շատ կարևոր քայլ է մարդու կյանքում: Այն ուղղակի ազդեցություն է թողնում մեր հոգեբանության վրա: Եթե մարդը կարողանում է ճիշտ ընտրություն կատարել, և գոհ է իր ընտրությունից, սա հոգեպես ուժեղացնում է նրան’,-նկատեց հոգեբանը:
Նա նշեց նաև, որ նախագահական ընտրությունների դեպքում գործող նախագահը յուրահատուկ վիճակում է գտնվում: ‘Նա ափերի մեջ է, թափանցիկ է նրա գործունեությունը: Նոր դեմքերի հետ էլ դժվար է, քանի որ նրանց մասին ավելի քիչ բան գիտենք, ինֆորմացիան ավելի քիչ է:
Սակայն ճանաչված մարդիկ ավելի խոցելի վիճակում են գտնվում, իսկ նոր գործիչները եթե ճիշտ օգտագործեն իրենց պոտենցիալը, կարող են նաև շահել’,-եզրափակեց Կարինե Նալչաջյանը: