Պետք է կուլակաթափ անել մսխողներին
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված բանավեճի ժամանակ անդրադառնալով մեր երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներին` Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը նկատեց, որ բյուջեի ճեղքումը հիմնականում կապված է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ. «Թե ի՞նչ ջարդեց մեր երկրի գլխին այդ մարդը, ինչպե՞ս փոսում հայտնվեցին,ք և ինչպե՞ս բարեհաջող թռավ օվկիանոսը, հասավ դեսպանի աթոռին, հետո էլ խեղճ Փայլակին գցեց կրակը, հիմի էլ գնում է ԵՏՄ-ն փակի»,- նշեց Եղիազարյանը:
Եղիազարյանն անդրադարձավ նաև Հովիկ Աբրահամյանի վարչապետության ընթացքին. «Մեկ տարի և երկու ամիս առաջ Հովիկ Աբրահամյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը և մենք պետք է հասկանանք, թե ինչ իրավիճակում: Նախորդը երկիրն ընդունել էր 11, 4 աղքատության շեմով: 20 տոկոսով աղքատների քանակն ավելացվեց: Հիմա 30 տոկոսից ավելի է: Ամեն ինչ արված է, որ մոնոպոլիստը կեղեքի երկիրը»,-ընդգծեց Եղիազարյանը:
Նա կարծում է, որ ներկայիս վարչապետը չի էլ կարող մեծ շտկումներ անել: «Ինչի՞ հանդիպեց Հովիկ Աբրահամյանն առաջին օրը, երբ եկավ գործի: Նաիրիտ, Ֆիրդուս, կենսաթոշակային: Ընդամենը մեկ տարվա ընթացքում այդ մարդիկ արդեն հրապարակում չեն: Նրա շնորհիվ այդ ամենն ավարտվեց»:
Իսկ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը ծիծաղելի է համարում այն, որ հաջորդ տարվա բյուջեն անվանում են սոցիալական: Նա կարծում է, որ ոչ միայն ժողովրդին, այլև կոնկրետ կառույցների պետք է գումար հատկացվեր:
«Պետք է ոստիկանության, ԱԱԾ-ի գումարներն այս բյուջեով ավելացվեին, իսկ պաշտպանության նախարարության առումով` սպաները պետք է ապրեն այնպես, ինչպես պատգամավորները: 25 տարի է՝ մեր սահմանը հանձնել ենք, տղաները պահում են»,- ընդգծեց Արշակյանը:
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե կոռուպցիան արդեն չափազանց վտանգավոր շեմի է հասնում, նախկին պատգամավորն այսպես արձագանքեց. «Կողոպտիչներ կան ադմինիստրացիայում, որին հիմա ասում են կոռուպցիա: Դրա արդյունքում մսխումներ եղել են, և պետք է լավ պահել ԱԱԾ-ին և ոստիկանությանը, քանի որ գուցե լինի նրանց անհրաժեշտությունը՝ կուլակաթափ անելու այդ մսխողներին»: