Ձմեռ պապը Լոռու մարզ էր այցելել
Ինչպես և տարիներ շարունակ, այս տարի էլ Ձմեռ պապը Լոռու մարզի 25 հազար երեխաներին այցելեց “Տաշիր” բարեգործական հիմնադրամի կողմից ուղարկված նվերներով: Մարզի բոլոր մանկապարտեզների երեխաները, բոլոր դպրոցների մինչև 4-րդ դասարանների երեխաները, մանկատան սաները Կարեն և Սամվել Կարապետյանների կողմից ստացան իրենց Ամանորյա նվերները:
“Սա արդեն վաղուց ավանդույթ է, տոն, որ երեխաներին պարգևում է Կարապետյանների ընտանիքը”,-ասում է Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետ Մինաս Սայադյանը: Իսկ իրենց՝ երեխաների պայծառ, տոնական դեմքերը, ովքեր անհամբեր էին բացելու իրենց նվերները, ամենամեծ ուրախությունն են, որ կարող էին ունենալ “Տաշիրի” ներկայացուցիչները:
Այսպիսով, “Տաշիր” բարեգործական հիմնադրամը 2012 թվականն ամփոփեց Լոռու մարզի 25 հազար երեխաների Ամանորյա տոնն առավել գեղեցիկ ու տպավորիչ դարձնելով: Իսկ տարին հիմնադրամի համար բավական հագեցած էր՝ բազմաթիվ ծրագրերով, որոնց արդյունքում Կարապետյանների հոգածությանն ու խրախուսանքին արժանացան հազարավոր երիտասարդներ, մանկավարժներ, գիտնականներ, երեխաներ, մշակութային օջախներ: Շարունակությունը՝ արդեն 2013 թվականին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
“Տաշիր” բարեգործական հիմնադրամի մամլո ծառայություն