Ի՞նչ կտա նոր Սահմանադրությունը
Նախագահն իր կամքից անկախ նաև գործադիր իշխանության ղեկավար է դառնում, այսինքն՝ չի կարող իշխանության երեք ճյուղերի տարանջատման երաշխավոր լինել։ Գործող Սահմանադրությունը չի նպաստում նաև կենսունակ ընդդիմության գոյությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծը, սակայան, ըստ պատգամավորի, հնարավորություն է տալիս Հայաստանում կենսունակ ընդդիմություն ձևավորել, քանի որ գործող Սահմանադրությունը, ինչպես և 1995-ինը, մեկ անձի անսահմանափակ իշխանություն է ապահովում։ Հարությունյանի խոսքով՝ նոր սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տալու նաև ընդունել մի շարք կարևորագույն օրենքներ:
«Իսկ դրանք կընդունվեն ոչ թե պարզ մեծամասնությամբ, այլ ձայների 3/5-րդով, ինչը նշանակում է, ոչ միայն հաշվի առնել ընդդիմության կարծիքը, այլև այն, որ ընդդիմադիր ուժերը պիտի մասնակցեն քվեարկությանը»,- հավելեց նա։
Անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, թե սահմանադրական փոփոխությունները ուղղված են իշխանության վերարտադրությանը՝ Հարությունյանը հակադարձեց.
«Եթե ընդդիմադիր ուժերն ի վիճակի չեն քաղաքական դաշինք ձևավորելու, ապա այդ դեպքում իշխանությունները մեղավոր չեն: Ի՞նչ մեղք ունի Սերժ Սարգսյանը։ Այդ հայտարարությունները քարոզարշավը զրկում են ցանկացած արժեքից, մինչդեռ ես կարծում եմ, որ քարոզարշավը պետք է հույզերից հեռու պահել։ Դա քաղաքական գործընթացն ավելի արդյունավետ կդարձնի»: