18 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ավանը եւ Դավթաշենը՝ 2012-ի լավագույն վարչական շրջաններ

Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփելով 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ընդգծել է, որ համակարգված աշխատանքի շնորհիվ արդյունքները նկատելի են եւ գոհացուցիչ:

“Անցնող տարվա ընթացքում բոլոր այն խնդիրները, որոնք դրված էին մեր առջեւ կարողացանք բարձր մակարդակով լուծել: Քաղաքացիների կողմից բարձրացված շատ հարցեր ուսումնասիրվեցին եւ կյանքի կոչվեցին, մյուս մասն էլ կընդգրկվեն մեր հետագա  ծրագրերում: Պետք է շարունակենք հետեւողական աշխատանքը եւ դրանով իսկ ապահովենք մայրաքաղաքի համաչափ զարգացումը”,-նշել է քաղաքապետը:

Անդրադառնալով մայրաքաղաքի վարչական շրջանների 2012 թվականի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման եւ վերլուծության արդյունքներին`Տարոն Մարգարյանը նշել է, որ տարվա կտրվածքով բարձր ցուցանիշներ են գրանցել եւ առաջին տեղը զբաղեցրել միանգամից երկու վարչական շրջան` Ավանը եւ Դավթաշենը: Երկրորդ եւ երրորդ տեղերում, համապատասխանաբար, Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններն են:

“Համակարգված եւ սրտացավ աշխատանքի շնորհիվ զգալի փոփոխություններ են նկատվում բոլոր վարչական շրջաններում: Սակայն բավարարվել ձեռքբերածով պետք չէ: Վստահ եմ, որ հաջորդ տարի մեր բոլոր վարչական շրջանները կզբաղեցնեն առաջանցիկ տեղեր”,- շնորհակալություն հայտնելով վարչական շրջանների ղեկավարներին եւ աշխատակազմերին՝ նշել է Տարոն Մարգարյանը:

Տոնական օրերին բնակչության ահազանգերին արագ արձագանքելու նպատակով հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին քաղաքապետը հանձնարարել է աշխատել շուրջօրյա հերթապահությամբ եւ օպերատիվորեն արձագանքել հնարավոր բոլոր վթարային իրավիճակներին: Առողջապահական եւ շտապբուժօգնության ծառայություններին եւս հանձնարարվել է ապահովել օպերատիվ աշխատանք:

Քաղաքապետն առանձնահատուկ ընդգծել է տոն օրերին աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպման անհրաժեշտությունը: Հնարավոր տեղումների դեպքում էլ ձեւավորված օպերատիվ շտաբերի միջոցով կիրականացվեն ձնամաքրման համապատասխան աշխատանքները:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ: Բացի այդ,  տոնական օրերին համապատասխան հսկողություն կիրականացվի ոչ միայն հաստատված չվացուցակների խախտումները  բացառելու, այլեւ երկարաժամյա ժամանակացույց ապահովելու ուղղությամբ: Զեկուցվել է նաեւ, որ այս շաբաթ նախատեսվում է եւս մեկ միկրոավտոբուսային երթուղի փոխարինել ավտոբուսայինով եւ Ամանորին ընդառաջ հանձնել բնակչությանը:

Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձեւավորման եւ արտաքին լուսավորության ապահովման հիմնական աշխատանքներն ավարտված են:

“Այս տարի մայրաքաղաքի ձեւավորումն ու լուսավորությունն իսկապես հաջողվել է, ինչն առաջին հերթին փաստում են մեր քաղաքացիները: Իմ շնորհակալություն եմ հայտնում բոլոր պատասխանատուներին, ովքեր ջանք չեն խնայել քաղաքն ավելի տոնական դարձնելու համար: Սակայն պետք է չմոռանանք նաեւ այդ ամենը խնամքով պահպանելու մասին”,- նշել է Տարոն Մարգարյանը:

Վարչական շրջանների, խանութների, բանկերի, քաղաքապետարանի ենթակա կազմակերպությունների եւ այլ հիմնարկ-ձեռնարկությունների կողմից տարածքների ամանորյա տոնական ձեւավորման համար հայտարարված մրցույթների ընթացքի վերաբերյալ Երեւանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ հիմնական ձեւավորումներն ավարտված են, եւ առաջիկա օրերին արդյունքները կամփոփվեն: Լավագույնները քաղաքապետի կողմից կստանան համապատասխան խրախուսական մրցանակներ:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ