Բագրատյան- Տեր-Պետրոսյան հարաբերությունները ջերմ են
Քիչ առաջ մեկնարկեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորած “Ազատություն” կուսակցության համագումարը: Համագումարը պիտի որոշի ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի` նախագահի թեկնածու առաջադրվելու հարցը:
Համագումարին մասնակցում են “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունից Ալեքսանդր Արզումանյանը, ՀԱԿ-ից` Լյուդմիլա Սարգսյանն ու Պետրոս Մակեյանը, “Հանրապետություն” կուսակցությունից` Արամ Զ. Սարգսյանը: Այստեղ է նաեւ Սասուն Միքայելյանը, ով ի դեպ, նախօրեին ՀՀՇ համագումարին չէր ներկայացել:
Ելույթ ունենալով` Արամ Սարգսյանը մասնավորապես ասաց, որ Բագրատյանը այն քաղաքական գործիչն է որ կարող է առաջադրվել:
Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր հարաբերությունները նույնն են` ջերմ ու գործնական: “Ոչ մի բան չի փոխվել մեր հարաբերություններում, կարծում եմ` չի էլ փոխվի: Պարզապես ես որոշել եմ առաջադրվել նախագահի թեկնածու եւ միավորել լիբերալ բոլոր ուժերին: Ես այլ մարդ չեմ տեսնում, ով կարող է դա անել: Ամբիցիաներ չունեմ եւ պաշտոնի էլ չեմ ձգտում,-ասաց Հրանտ Բագրատյանը:
Ի դեպ, նա նաեւ շեշտեց, որ կուսակցության համագումարին հրավիրել է ՀԱԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչներին: “Թող ինձ ներեն “Ժառանգությունը”, “Դաշնակցությունը, “Օրինաց երկիրը”, բայց ես նպատակահարմար գտա հրավիրելու ՀԱԿ-ի մեջ մտնող կամ համագործակցող ուժերի ներկայացուցիչներին”,-պարզաբանեց Բագրատյանը:
Բագրատյանն իր ելույթում անդրադառնալու է Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերներին եւ տնտեսությանը, ինչի համար էլ ելույթը գրել է եւ մի քանի էջ պիտի կարդա:
Համագումարը որոշեց Հրանտ Բագրատյանին առաջադրել նախագահի թեկնածու: