Քաղաքապետը այցելեց գյուղմթերքների շուկա
Ամանորին ընդառաջ Երեւանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կազմակերպել է գյուղատնտեսական մթերքների երրորդ տոնավաճառը՝ Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածում: Շուկան գործելու է ամեն օր մինչեւ դեկտեմբերի 31-ը:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ միասին շրջել եւ ծանոթացել է շուկայի պայմաններին, զրուցել գյուղմթերք արտադրողների, ինչպես նաեւ գնորդների հետ: Ինչպես կազմակերպվող համանման մյուս շուկաների դեպքում, այս անգամ եւս Երեւանի քաղաքապետարանի կողմից տարածքը տրամադրվել է անվճար, իսկ տաղավարների, վրանների, կշեռքների ու սայլակների տրամադրումն ապահովել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ընգծել է, որ գյուղմթերքի տոնավաճառը կազմակերպվել է հաշվի առնելով քաղաքացիների առաջարկներն ու նոր շուկա ունենալու պահանջարկը:
“Գյուղմթերքը անմիջապես արտադրողից ձեռք բերելու պահանջարկն այսօր իսկապես կա եւ որ շատ կարեւոր է, այն շահավետ է թե երեւանցիների եւ թե գյուղացիների համար: Այս հանգամանքը հաշվի առնելով էլ մենք գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մայրաքաղաքում արդեն կազմակերպել ենք երեք նմանատիպ տոնավաճառ: Այս շաբաթ նաեւ, մասնավորի հետ համագործակցության շրջանակում, եւս մեկ գյուղմթեքի շուկա բացվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում”,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաեւ ընդգծել է, որ շուկաների բացումն իրականում նպաստում է քաղաքակիրթ առեւտրի կազմակերպմանը:
Գյուղմթերք վաճառողներն ու գնորդներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել տոնավաճառի կազմակերպման եւ ստեղծված հարամարվետ պայմանների համար:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն