Օսկանյանն ու Զուրաբյանը հարցաքննվել են
ՀՀ ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձնազրույցը գաղտնի ձայնագրառելու եւ այն համացանցում տարածելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված՝ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ գաղտնի ձայնագրվել է վերջիններիս՝ 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ”Ռիչ” սրճարանում տեղի ունեցած առանձնազրույցը, իսկ 2012 թվականի դեկտեմբերի կեսերին այն տեղադրվել է համացանցում։
Այդպիսով՝ լրատվության միջոցներով տարածվել են ապօրինի ձեռք բերված՝ ձայնագրության մեջ առկա անձնական գաղտնիք համարվող տեղեկությունները։
Նկատի ունենալով, որ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
Լ.Զուրաբյանը եւ Վ.Օսկանյանը 2012 թվականի դեկտեմբերի 21-ին հրավիրվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Պատգամավորները, թեեւ չեն ներկայացրել առանձին հաղորդում հանցագործության մասին, սակայն հարցաքննվել են որպես վկա՝ հայտնելով տեղի ունեցած հանդիպման մանրամասները։
Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում հյատնվեց պատգմավորների գաղտնազերծված առանձնազրույցը, որտեղ Զուրաբյանը գնահատում է Հրանտ Բագրատյանին ու Նիկոլ Փաշինյանին: Լևոն Զուրաբյանը մեադրեց ԱԱԾ-ին` ձայնագրությունը տարածելու մեջ, սակայն ԱԱԾ-ն հայտարարեց, որ ինքը որևէ առնչություն չունի այս ձայնագրության հետ: