ՀԱԿ-ում անգործությունն ավելի շատ է, քան գործունեությունը.Պետրոս Մակեյան
ՀԱԿ-ի մաս կազմող “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի համոզմամբ, ՀԱԿ-ն ավելի շատ անգործությամբ է աչքի ընկնում, քան քաղաքական գործունեությամբ:
Այսօր այս մասին լրագրողներին ասաց կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով ներկա էր “Հանրապետություն” կուսակցության համագումարին:
“Ցավոք սրտի ես գնահատում եմ Հայ ազգային կոնգրեսի վերջին ժամանակների անգործությունը: Գործունեությունը ես չեմ կարող գնահատել: Անգործությունն ավելի շատ է, քան գործունեությունը”,-նշեց Պետրոս Մակեյանը:
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ուներ “Ժողովրդավարական հայրենիք”-ը, որ չարդարացվեց ՀԱԿ-ի կողմից, Պետրոս Մակեյանն արձագանքեց. ”25-ից հետո, քաղխորհրդի նիստից հետո կասեմ”:
Միեւնույն ժամանակ, Պետրոս Մակեյանն ասաց, որ իրենց կուսակցության օրակարգում ՀԱԿ-ի կազմից դուրս գալու հարց չկա: Հետաքրքրվեցինք, հնարավո՞ր է, որ “Ժողովրդավարական հայրենիք”-ը բոյկոտի նախագահական ընտրությունները եւ մնալով ՀԱԿ-ի կազմում չմասնակցի, Պետրոս Մակեյանը կրկնեց, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն կուսկցության քաղխորհրդի նիստից հետո:
Նշենք, որ “Ժողովրդավարական հայրենբիք”-ը ՀԱԿ-ի մաս կազմող այն ուժերից է, որոնք հրապարակայնորեն հայտարարել են ԲՀԿ-ի հետ համագործակցության ՀԱԿ-ի որդեգրած քաղաքականությունը չընդունելու մասին: