Թուրքիան շա՜տ, շա՜տ հեռու է ԵՄ անդամակցությունից. Բելգիայի վարչապետ
Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը հայտարարել է, որ ինքը պաշտպանում է այն տեսակետը, որը նախատեսում է Եվրամիության (ԵՄ) լիիրավ անդամության փոխարեն Թուրքիայի հետ արտոնյալ պայմաններով համագործակցություն զարգացնել, գրում է Ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական «Zaman» թերթի կայքի` նախօրեին ֆրանսիական «TV5 Monde» հեռուստաընկերությանը հյուրընկալված Շարլ Միշելն առաջին անգամ հստակ կերպով դեմ է արտահայտվել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը: Բելգիայի վարչապետն ասել է, որ Թուրքիան շա՜տ, շա՜տ հեռու է ԵՄ անդամակցության համար առաջադրված պահանջները բավարարելուց:
Նշվում է, որ նախկինում Բելգիան ավելի մեղմ քաղաքականություն էր վարում այդ հարցում` հայտարարելով, որ Թուրքիան կարող է ԵՄ անդամ դառնալ, եթե բավարարի առաջադրվող պայմանները:
Միշելը, նշելով, որ աջակցում է Թուրքիայի հետ համագործակցության խորացմանը, ասել է. «Մենք պատրաստ ենք, առանց անդամակցության թեմային անդրադառնալու, Թուրքիայի հետ միասին քննարկել այնպիսի բարդ հարցեր, ինչպիսիք են անվտանգության և փախստականների հոսքի վերահսկողության խնդիրներ»:
Վերջինս նաև ավելացրել է, որ ինքը շատ լավ հասկանում է, որ Թուրքիայի իշխանություններն իրենց շահերն ու օրակարգն ունեն, սակայն ԵՄ-ն էլ իր շահերն ու արժեքներն է պաշտպանում: