«Մենք դուրս ենք գալիս կարծրատիպերից»
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ներկայացվել են ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացված «ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատում» հետազոտության երկրորդ՝ «Ուսանողների հասարակագիտական գիտակցությունը» հատվածի արդյունքները:
Ներկայացնելով կատարված սոցիոլոգիական ուսումնասիրության կարևորությունը՝ նախարար Արմեն Աշոտյանը նշել է .«Կրթության որակը ևս, որը ԿԳՆ առաջնային խնդիրն է, ուսանողության կողմից քիչ է կարևորվել՝ ընդմանեը 5 տոկոսն է նշել, որ կրթության որակն իրենց համար խնդիր է: Ինձ համար հետաքրքիր և կարևոր է, որ մեզ մոտ ձևավորվում է ինքն իր վրա հույս դնող սերունդ. մեծ մասը կարծիք է հայտնել, որ ամեն մարդ ինքն է պատասխանատու իր ճակատագրի համար: Այսինքն՝ մենք դուրս ենք գալիս այն կարծրատիպերից, որտեղ ամբողջ հույսերը կապվում են միայն պետության հետ: Հետաքրքիր է նաև ուսանողների քաղաքականացվածությանը վերաբերող տվյալը. կուսակցական կողմնորոշում ունեցող ուսանողության թիվը ընդամենը 6,8 տոկոս է կազմում, ինչը կրկնակի անգամ ավելի ցածր է հասարակության ընդհանուր կուսակցականցվածության ցուցանիշից: Փոխարենը քաղաքացիական նախաձեռնություններին անդամակցողների թիվն ավելի մեծ է, քան հասարակության միջին ցուցանիշը: Մեզ համար մարտահրավեր է, որ բավական ցածր է ուսանողության հասարակական-քաղաքագիտական գիտակցության մակարդակը, որովհետև այս դեպքում նրանք ավելի հեշտ են ենթարկվում մանիպուլյացիաների: Մենք թերևս պետք է հասարակագիտական կրթության որակի բարելավման ուղղությամբ քայլեր ձեռնարկենք, որպեսզի նպաստենք ուսանողների ֆունդամետնալ գիտելիքների կուտակմանը»,- նշել է Ա.Աշոտյանը և հավելել, որ արտաքին դրամաշնորհներով իրականցվող բազմաթիվ նախագծերը այդ խնդիրը, փաստորեն, չեն լուծել: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական կայքը:
Ա. Աշոտյանի դիտարկմամբ՝ հետաքրքիր է նաև, որ ուսանողության մոտ 60 տոկոսը շեշտել է, որ առկա քաղաքական ուժերից որևէ մեկն այս պահին չի արտահայտում իր քաղաքական զգացողությունները: Հետազոտական աշխատանքն իրականացրած IPSC ընկերության վերլուծաբան Ս. Մանուկյանը, ներկայացնելով հետազոտության արդյունքները, նշել է, որ «ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտության» երկրորդ՝ «Ուսանողների հասարակագիտական գիտակցությունը» հատվածը ներառում է զանգվածային հետազոտության տվյալներ Հայաստանի կաևորագույն խնդիրների մասին` ՀՀ ուսանողների պատկերացումների, Հայաստանի ներկայիս հասարակարգի վերաբերյալ նրանց գիտելիքների և հասարակական ակտիվության, ինչպես նաև տնտեսական և ստատուսային անհավասարության նկատմամբ ուսանողների դիրքորոշման վերաբերյալ: