22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

21-րդ դարը ազգերի կոալիցիաների դարաշրջան է

ԳԿԽ-ի “Ազգերի բարեկամություն եւ համագործակցություն” ծրագրը լուրջ հաջողություններ է գրանցում Գերմանիայում:

Սույն թվականի սեպտեմբերի 23-ին Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի (ԳԿԽ) վարչության հրավերով Հյուսիսհռենոսյան Վեսթֆալիայի Էսսեն քաղաքում տեղի ունեցավ հայ-ասորի-քրդական 3 կենտրոնական մարմինների ղեկավարների հանդիպում, որի շրջանակներում քննարկվեց երկու հրատապ հարց.

1. Ըստ ստացված տեղեկության` Գերմանիայի Մանհայմ քաղաքի թաղամասերից մեկը պետք է անվանակոչվեր Թուրքական թաղամաս:

2. Սույն թվականի հոկտեմբերի 15-ին Գերմանիայի բունդեսթագում քննարկման ներկայացված քրդական ինքնության ճանաչման հարցում հայերի եւ ասորիների աջակցության ապահովումը:

Առաջին հարցի վերաբերյալ ԳԿԽ-ի վարչության առաջարկով որոշվեց, որ հայկական կողմը դիմի Մանհայմի քաղաքապետին` արտահայտելու հայերի եւ մյուս  ազգային փոքրամասնությունների բողոքը ընդդեմ թուրքական նախաձեռնության: Կարճ ժամանակ անց քաղաքապետը պատասխան նամակով հայտնեց, որ հարցը Մանհայմում այլեւս փակված է:

Երկրորդ հարցի վերաբերյալ  ԳԿԽ-ի ատենապետը հայտնեց քուրդ գործընկերոջը, որ, չնայած բունդեսթագին ներկայացրած քրդական հայցի տակ չեն ստորագրի, բայց առանձին նամակով կարտահայտեն իրենց աջակցությունը եւ որպես դիտորդ ինքն անձամբ կմասնակցի բունդեսթագի քննարկման գործընթացին: Գերմանահայերի աջակցական նամակին հաջորդեց հոկտեմբերի 15-ին բունդեսթագում քրդական էթնոսի ինքնության ճանաչման հարցի քննարկմանը Գերմանիայից եւ աշխարհի տարբեր երկրներից Ժամանած 70-ից ավելի քուրդ ներկայացուցիչների հետ Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի ատենապետ Ազատ Օրդուխանյանը մասնակցությունը:

ԳԿԽ-ի ատենապետն ընդգծում է. “ԳԿԽ-ն Գերմանիայում վարում է նոր քաղաքականություն, որն է հաստատել ինտենսիվ համագործակցություն Գերմանիայում բնակվող տարբեր ազգային փոքրամասնությունների կենտրոնական մարմինների, ինչպես նաեւ տեղական կառույցների հետ: ԳԿԽ-ն իր ավելի քան քառասունամյա պատմության մեջ ունեցել է տարբեր ազգային փոքրամասնությունների միությունների հետ համագործակցության առիթներ, բայց երկարաժամկետ ծրագրով, այս մասշտաբով եւ ինտենսիվությամբ նոր երեւույթ է, որն ի շնորհիվ Գերմանիայում տարբեր ազգային փոքրամասնությունների հետ աշխատելու ծրագրի է: Համագործակցության շեշտն առաջին հերթին դնում ենք Արեւմտյան Հայաստանի, ապա Փոքր Ասիայի եւ նրա հարակից երկրների տարածքներում ապրող բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների հետ աշխատելու վրա:  Այս ժողովուրդների շարքում որպես առաջին դաշնակից ԳԿԽ-ի համար հանդես են գալիս ասորիները` բոլոր իրենց ազգային դրսեւորումներով (ասորիներ, արամեացիներ, սուրյանիներ, քաղդեացիներ), ապա հույները (առանձնակիորեն Պոնտոսի եւ Կիպրոսի հույները), եզդիները, դերսիմցիները, քրդերը, ալեվիական մի շարք միությունները, ղպտիները: Հետագայում այս համագործակցության դաշտի հավանական գործընկերները ԳԿԽ-ի համար կարող են դառնալ բուլղարները, սերբերը, արաբական միությունները, պարսկական կազմակերպությունները, ռուսները, հրեաները, բալթյան ժողովուրդները եւ այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Ըստ մշակված ծրագրի` համագործակցությունը պետք է ընդգրկի քաղաքական աշխատանքի դաշտը, ինչպես նաեւ գիտամշակութային եւ երիտասարդական բնագավառները, հետագայում նաեւ ֆինանսատնտեսական ոլորտները”:

Ծրագիրն ունի եւ´ երկկողմանի, եւ´ բազմակողմանի ուղվածություն, եւ քանի որ մյուս ազգերի մոտ նույնպես առկա է համագործակցության ոգին, համատեղ աշխատանքի պտուղները իրենց երկար սպասեցնել չտվեցին, եւ արդեն իսկ գրանցվել են մի շարք ձեռքբերումներ:

Երկկողմանի համագործակցության դրսեւորումներ

Դեռեւս 2011 թվականի հունիսին Դեթմոլդ քաղաքում ԳԿԽ-ի “Երիտասարդ հայեր” ենթակառույցի ավանդական հավաքույթին հրավիրված Գյութերսլո եւ Փադերբորն քաղաքների ասորական երիտասարդական միությանների ներկայացուցիչները  երկժամյա հանդիպման ընթացքում ներկայացրին Գերմանիայում իրենց երիտասարդական շարժումը, ինչպես նաեւ օտարության մեջ ասորական ազգապահպանման աշխատանքի առանձնահատկությունները: Հանդիպումը չափազանց կարեւոր էր փորձի փոխանակման եւ հայ-ասորական հետագա համագործակցության համար: Այն վարում էր լրագրող եւ զանվածային հաղորդակցության մագիստրոս Հասմիկ Եպիսկոպոսյանը (Համբուրգի համալսարան):

Երկկողմանի ծրագրի շրջանակներում հատկանշական է ասորական “Սուրոյո” հեռուստաալիքի կողմից 2012թ. ապրիլի 21-ին կազմակերպած հեռուստահաղորդումը: Հեռուստաալիքի հրավերով ԳԿԽ-ի ատենապետ Ազատ Օրդուխանյանը մեկնեց Շվեդիա: Հեռուստահաղորդմանը մասնակից էին Դերսիմցիների Համայնքների Եվրոպական Դաշնության փոխնախագահ Ահմեդ Ջանփոլադը, իսկ Քյոլնի շրջանի Պոնտոսի Հույների Միության նախագահ Դիմիտրոս Կոստանիդիսը մասնակցեց ուղիղ հեռախոսակապով: Հաղորդումը վարում էր ասորի հայտնի քաղաքական գործիչ Իբրահիմ Սեւենը: Երկժամյա հեռուստահաղորդման ընթացքում քննարկվեցին ժամանակակից Թուրքիայի տարածքում հայերի եւ հայկական հարցի խնդիրը, ասորիների, հույների եւ դերսիմցիների խնդիրները, ինչպես նաեւ թուրք պետության վարած քաղաքականությունը այս 4 ազգերի ժամանակակից եւ պատմական խնդիրների նկատմամբ: Այցելության շրջանակներում վարվեցին բանակցություններ Շվեդիա ժամանած Եվրոպայում գործող ասորական տարբեր կառույցների հետ եւ ձեռք բերվեցին համաձայնություններ Եվրոպայում հետագա աշխատանքային համագործակցության ու դրանց համակարգման համար:

Նույն օրերին զուգահեռաբար Ասորական Միությունների Գերմանիայի եւ Եվրոպական Մասնաճյուղերի Կենտրոնական Կազմակերպութունը Գյութերսլո քաղաքի Ասորական Մեսոպոտամական Միության դահլիճում կազմակերպել էր ասորի, հայ եւ հույն ժողովուրդների ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի երեկո, որին հրավիրված էր Լեհաստանի Պոզնան քաղաքի համալսարանի պրոֆոսոր Միխայել Աբդալահը եւ Հոլանդիայի ասորական ցեղասպանության ուսումնասիրությունների Սեյֆո կենտրոնի ներկայացուցիչ դոկտոր Մաթան Արսան: Հրավիրված էր նաեւ ԳԿԽ-ի վարչությունը, որը ներկայացրին ԳԿԽ-ի վարչության երիտասարդական հարցերի պատասխանատու դոկտոր Ասպետ Անթապյանը եւ ԳԿԽ-ի ատենադպրուհի Սոնա Հակոբյանը: Վերջինս իր ելույթում եւս մեկ անգամ դատապարտեց թուրք պետության ցեղասպան անցյալն ու անփառունակ ներկան եւ կրկին շեշտեց 2 ժողովուրդների արդար դատի հետապնդման աշխատանքում սկսված համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Իսկ հունիսի երեսունին հրատարակվեց ԳԿԽ-ի եւ Ասորական Միությունների Գերմանիայի եւ Եվրոպական Մասնաճյուղերի Կենտրոնական Կազմակերպության համատեղ հռչակագիրը երկու ժողովուրդների քաղաքական, գիտական, մշակութային, երիտասարդական աշխատանքների համադրման եւ համագործակցության ուղությամբ: Այն տեսականորեն ամրագրեց հայ-ասորական համագործակցությունը Գերմանիայում: Հռչակագիրը մշակվեց երկու մարմինների վարչությունների, ինչպես նաեւ ասորական “Սեյֆո”(ցեղասպանություն) գիտական կենտրոնի եւ այլ ասորական կազմակերպությունների համատեղ նիստում Գերմանիայի Գյութերսլո քաղաքի ասորական կենտրոնում:

Հայ-ասորական համագործակցությանը զուգահեռ Գերմանիայում հետաքրքիր զարգացում են ապրում նաեւ հայ-քրդական հարաբերությունները:  Բացի նրանից, որ 2012 թվականի մարտի 17-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Էրդողանի գերմանական շքանշանով  պարգեւատրման դեմ հայ-ասորական համատեղ բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարներն իրենց ակցիան ավարտելուց հետո միացան քրդերի ցույցին, ակնառու է նաեւ այն փաստը, որ Եվրոպայում գործող երկու հզոր քրդական կենտրոններ, որոնք առանձին-առանձին միավորում են քրդական հարյուրավոր միություններ եւ հարյուր հազարավոր անհատներ, առաջին անգամ ապրիլի 24-ի կապակցությամբ հանդես եկան պաշտոնական հայտարարություններով` դրսեւորելով հայ ժողովրդի պայքարի նկատմամբ իրենց համերաշխությունը, դատապարտելով թուրքական պետության կողմից գործած ցեղասպանությունը եւ կոչ անելով Գերմանիայում բնակվող իրենց հարյուր հազարավոր բնակչությանը աջակցել եւ մասնակցել Գերմանիայում հայկական կառույցների կազմակերպած ապրիլքսանչորսյան ծրագրերին: Գերմանիայում քրդական ամենամեծ կազմակերպությունը` Գերմանիայի Քրդական Միությունների Դաշնությունը (ՅԵԿ-ԿՕՄ) իր հայտարարությունը տարածեց 2012թ. ապրիլի 16-ին, որին ապրիլի 23-ին հաջորդեց Եվրոպայում Քրդստանի Միությունների Դաշնության (ԿՕՄ-ԿԱՐ) հայտարարությունը: Այնուհետեւ` մայիսի 5-ին, Դորտմունդ քաղաքում քրդական ՅԵԿ-ԿՕՄ կազմակերպության տարեկան համագումարում հրավերով հանդես եկավ ԳԿԽ-ի վարչության ատենադպրուհի Սոնա Հակոբյանը, ով բացի ողջունելուց քրդական կազմակերպությունների աննախադեպ համերաշխության հռչակագրերը, նաեւ վերահաստատեց Գերմանիայում  հայերի կողմից հայ-քրդական հարաբերությունների զարգացման ցանկությունը: ԳԿԽ-ն քրդերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել տարեկան երկու անգամ Գերմանիայում կազմակերպել հայ-քրդական լայն քննարկումներ:

Յուրովի ընթացքի մեջ են մտել նաեւ հայ-եզդիական հարաբերությունները: 2011 թվականին ԳԿԽ-ն  սկսեց ակտիվ աշխատանք Հյուսիսհռենոսյան Վեսթֆալիայի պառլամենտի կուսակցական ֆռակցիաների հետ եւ լուրջ աջակցություն գտավ Ձախ կուսակցության պատգամավոր ազգությամբ եզդի Ալի Աթալանի կողմից: Պառլամենտական համագործակցությունը նույնիսկ հասցրեց նրան, որ 2012թ. ապրիլի 24-ի նախօրեին` ապրիլի 18-ին, Ալի Աթալանը հանդես եկավ գրավոր հռչակագրով` պահանջելով թուրքական եւ գերմանական կառավարություններից ընդունել հայոց ցեղասպանությունը եւ դատապարտեց ոճրագործ Թուրքիայի անցյալի եւ ներկայիս պետությանը:

Հատկանշական է, որ ազգային փոքրամասնությունների միջեւ սկսված այս սահուն համագործակցությունը նկատելի է դարձել արդեն թե´ գերմանական եւ թե´ միջազգային կազմակերպություններին: Այսպես օրինակ` 2012թ. մայիսի 10-ին Դյուսելդորֆում Մարդու Իրավունքների Միջազգային Կազմակերպության (ՄԻՄԿ) կողմից կազմակերպվում է մամլո ասուլիս, քննարկելու համար Եվրոպական Միությանը Թուրքիայի անդամակցության հարցը:  Մամլո ասուլիսին ելույթներով հանդես եկան, Գերմանիայի Եզդիների Կենտրոնական Խորհրդի փոխնախագահ Օսման Գյուդենը, Ասորական Դեմոկրատական Կազմակերպության ներկայացուցիչ Սաբրի Ալկանը, ԳԿԽ-ի ատենապետ Ազատ Օրդուխանյանը եւ Դիարբերքիրից հատուկ հրավիրված քուրդ քաղաքապետ Աբդոիլլահ Դեմիրբաշը:   Մամլո ասուլիսը վարում էր ՄԻՄԿ-ի վարչության խոսնակ Մարտին Լեսսենտինը: Ասուլիսը վերջում հանդես եկավ “Մարդու իրավունքների պաշտպանները Եվրոպական Միության անդամակցության թեկնածու Թուրքիային վատ գնահատականներ են տալիս” հայտարարությամբ:

Միաժամանակ, ԳԿԽ-ի վարչությունը ձգտում է ավելի ընդլայնել հարաբերությունները Գերմանիայում գործող հունական համայնքների եւ կազմակերպությունների հետ: 2012 թվականի օգոստոսին Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Արինչի հայտարարությունը, որ Տրապիզոնի Սուրբ Սոֆիա թանգարանի վերածված հունական ուղղափառ եկեղեցին պետք է մզկիթ դարձնել, առաջ բերեց հույն պատրիարքի բողոքը: ԳԿԽ-ի վարչությունը չուշացրեց  իր համերաշխություն դրսեւորումը եւ օգոստոսի 21-ին հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ. “Համերաշխություն Թուրքիայի քրիստոնիաների հետ. հայերը պահանջում են կրոնի ազատություն բոլորի համար: Գերմանիայի քրիստոնյա հայերը մտահոգ են Թուրքիայում ահագնացող իսլամացման գործընթացով”: ԳԿԽ-ի մամլո հաղորդագրությունը անմիջապես հրատարակվեց Շվեցարիայի “Faktum magazin”-ում, դանիական “Europe news”-ում, ամենահայտնի կաթոլիկական համացանցային էջում` ավստրիական “Kathweb”-ում, ինչպես նաեւ ֆրանսիական, գերմանական եւ այլ երկրների տպագիր եւ էլեկտրոնային թերթերում, իսկ Վատիկանի ռադիոն հիմք ընդունելով այս հաղորդակցությունը անգամ առանձին ռադիոհաղորդում պատրաստեց (Radio Vatikan, 24.08.2012): Այսպիսով, քրիստոնյա Եվրոպան բուռն արձագանք ցուցաբերեց գերմանահայերի պահանջին:

Առանձնակի բնույթ ունեն հայ-ղպտիական կապերը Գերմանիայում: Ղպտի հոգեւորականները եւ մտավորականները, ընդունելով գերմանահայերի ապրիլքսանչորսյան կոմիտեի հրավերը, իրենց ներկայությամբ մշտապես աջակցում են ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկոներին: Փաստ է, որ ղպտիները լայն արձագանք են ցուցաբերում ԳԿԽ-ի մամլո հաղորդագրություններին եւ Գերմանիայի բարձրաստիճան այրերին ուղված բաց նամակներին, տեղադրում դրանք իրենց կայք էջերում եւ տալիս դրանց բազմակողմանի վերլուծություններ: Հայ-ղպտիական, քրիստոնեական եղբայրության դրսեւորում է նաեւ 2012 թվականի մարտի 21-ի ԳԿԽ-ի ցավակցական հաղորդագրությունը ղպտի ժողովրդի հոգեւոր առաջնորդի` պապ Անբա Շենուդա III Ալեքսանդրացու մահվան կապակցությամբ: ԳԿԽ-ի հաղորդագրությունը անարձագանք չմնաց գերմանական քրիստոնեական լրատվամիջոցների կողմից (Evangelischer Pressedienst, 22.03.2012):

Թերեւս, խոսելով Գերմանիայում ազգային փոքրամասնությունների միջհամայնքային համագործակցության մասին` արժե հիշատակել նաեւ բալթյան ժողովուրդների մամուլի կենտրոնական ձայնի` “Baltische Rundshau” թերթի գաղափարական աջակցությունը հայկական հարցին: Այս տարի թերթը նույնիսկ հրատարակեց 3 հոդված` ի պաշտպանություն ԳԿԽ-ի վարած քաղաքականության.  2 վերլուծականով պաշտպանեց ԳԿԽ-ի պահանջը Գերմանիայում Ֆրանսիայի օրինակով ցեղասպանության ժխտման դեմ օրենք ընդունելուն (Baltische Rundshau, 25.01.2012 եւ 31.01.2012), իսկ մարտի 21-ին առանձին հոդվածով իր աջակցությունը հայտնեց Ռ. Էրդողանի դեմ  ԳԿԽ-ի եւ մյուս ազգային փոքրամասնությունների կազմակերպած ցույցին (Baltische Rundshau, 21.03.2012):

Բազմակողմանի համագործակցության դրսեւորումներ

Ազգերի բազմակողմանի համագործակցության ամենամեծ եւ  ցայսօր չգերազանցված փայլուն օրինակ է սույն թվականի մարտի 17-ին համատեղ ջանքերով Բոխում քաղաքի Stiger պարգեւատրումից Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանին զրկելու փաստը: ԳԿԽ-ի վարչությանը հաջողվեց մշակել պարգեւատրումից զրկելու ծրագիր, նախաձեռնել բողոքի լայնածավալ ակցիա, շատ արագ համագործակցության մեջ մտնել եւ կապեր հաստատել ազգային փոքրամասնությունների կենտրոնական մարմինների, գերմանական մամուլի եւ ամենատարբեր բնույթի կառույցների հետ:

Ազգային փոքրամասնությունների կառույցները չափազանց արդյունավետ համագործակցեցին, եւ Բոխում քաղաքի պատմության մեջ գրանցվեց աննախադեպ բողոքի ցույց մոտ 30000 ցուցարարներով, որին մասնակցեցին հայերը, ասորիները, քրդերը, եզդիները, ալեվիները, թուրք սոցիալ դեմոկրատները, գերմանացիները եւ այլ ազգերի ներկայացուցիչներ: Գործի հաջողությանը բավականին նպաստեցին  նաեւ Բոխումում եւ հարակից քաղաքներում ապրող Հայ Ակադեմիականների Միության անդամները: Գերմանական եւ համաշխարհային մամուլում հրատարակվեց ավելի քան հազար հոդված այս ակցիայի վերաբերյալ եւ ամենատարբեր հեռուստաալիքները Գերմանիայում, Հայաստանում, Թուրքիայում եւ այլուր անդրադարձան այս երեւույթին: Մամուլում հատկապես լուրջ արձագանք գտավ Հայ Ակադեմիականների Միության բաց նամակը ուղղված Բոխումի քաղաքապետ դոկտոր Օթթիլիե Շոլցին:

Այնուհետեւ` ապրիլի 30-ին, ԳԿԽ-ի վարչությունը` ի դեմս Սոնա Հակոբյանի, ով հանդես եկավ որպես նախաձեռնող եւ համադրող, բաց նամակի տեսքով պատրաստեց մի բողոքագիր թուրքական պետության կողմից Գերմանիա ուղարկած թուրք պրոֆեսոր Քեմալ Չիլեկի (թուրք պատմաբանների ընկերության նախագահ) դասախոսությունների եւ Գերմանիայում նրան աջակցող գերմանացի նախարարների եւ քաղաքական ու գիտական բարձր պաշտոնյաների դեմ: ԳԿԽ-ի վարչությանը հաջողվեց մի քանի օրվա ընթացքում հավաքել 34 կազմակերպությունների ստորագրություններ, որոնցից մոտ 30-ը կենտրոնական մարմիններ են եւ գործում են համագերմանական, իսկ որոշները` համաեվրոպական մասշտաբներով: Նախաձեռնությանը սերտորեն աջակցեցին հայագետ դոկտոր Թեսսա Հոֆմանը (Բեռլին), գրող-հրապարակախոս, ԳԿԽ-ի մամուլի հարցերի խորհրդատու դոկտոր Յոխեն Մանգելսենը (Բրեմեն) եւ Գյութերսլո քաղաքի Ասորական Մեսոպոտամական Միության փաստաբան Կայա Մեյթապը: Բողոքագիր–բաց նամակը ուղարկվեց Գերմանիայի բունդեստագի նախագահությանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) ներքին գործերի նախարար դոկտոր Հանս-Պետեր Ֆրիդրիխին, ինտեգրացիայի պետական նախարար պրոֆեսոր Մարիա Բյոհմերին, Հյուսիսհռենոսյան Վեստֆալիա երկրամասային կառավարությանը` ի դեմս աշխատանքային ինտեգրացիայի եւ սոցիալական հարցերի նախարար Գունթրամ Շնայդերին, Հեսսենի երկրամասի կառավարությանը` ի դեմս արդարադատության, ինտեգրացիայի եւ Եվրոպայի հարցերի նախարար Յորգ-ՈՒվե-Հահնին:

Գերմանիայում ազգերի միջեւ ԳԿԽ-ի ծրագրային համագործակցությունը հետաքրքիր դրսեւորում է ստանում նաեւ կառույցային-կադրային հարթակի վրա: 2012 թվականի հունիսի 2-ին տեղի ունեցավ ԲԱԳԻՖ-ի տարեկան համագումարը, որտեղ ԲԱԳԻՖ-ի փոխնախագահ ընտրվեց ԳԿԽ-ի վարչության ատենադպրուհի Սոնա Հակոբյանը: ԲԱԳԻՖ-ը համագերմանական մակարդակով հանդիսանում է միակ կազմակերպությունը, որը միավորում է Գերմանիայում ապրող միգրատների ինը կենտրոնական կազմակերպություններ: Այս միությունը ներկայացնում է մինգրատների  շահերը եւ ԳԴՀ իշխանություններին օգնում է մշակել մինգրանտների մասին օրինագծեր, ինչպես նաեւ միգրանտներին  մասնակից է դարձնում Գերմանիայի սոցիալական եւ քաղաքական զարգացումներին: ԲԱԳԻՖ-ի անդամներ են Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը, Գերմանիայում Իսպանական Սոցիալական եւ Մշակութային Միությունների Դաշնությունը, Եվրոպայում Քրդստանի Միությունների Դաշնությունը (ԿՕՄ-ԿԱՐ), Գերմանիայում Հունական Համայնքների Դաշնությունը, Գերմանիայում Սերբերի Կենտրոնական Խորհուրդը, Ասորական Միությունների Գերմանիայի եւ Եվրոպական Մասնաճյուղերի Կենտրոնական Կազմակերպութունը, Գերմանիայում Քրդական Համայնքը, Գերմանիայում Պորտուգալական Միությունների Դաշնությունը եւ Գերմանիայում Վիետնամական Կանանց Միջմշակութային Նախաձեռնությունը:

Ըստ էության` սփյուռքի վերածված ազգերը ձգտում են միմյանց, ցանկանում են իրենց համար այլ ապագա ստեղծել` հենվելով իրենց անցյալի եւ ներկայի վրա, ի նկատի ունենալով պատմական ու ընթացիկ ընդհանրությունները, ինչպես նաեւ ապագայի նկատմամբ տածած հավատն ու սպասելիքները: Այսպիսով, ամփոփելով 2012-ի ընթացքում ԳԿԽ-ի “Ազգերի բարեկամություն եւ համագործակցություն” ծրագրի շրջանակներում ծավալած գործունեությունը գալիս ենք այն եզրակացության, որ Գերմանիայում տարբեր ազգերի կողմից ցուցաբերած համագործակցության ոգին, ցանկությունն ու կարողությունը բավականին հասուն երեւույթներ են եւ թե´ տեսականորեն, թե´ գործնականում գտնվում են բարձր մակարդակի վրա:  Առկա են բոլոր այն նախապայմանները, որոնք հնարավորություն են տալու մոտ ապագայում ձեւավորել հարեւան ազգերի, ինչպես նաեւ Գերմանիայում սփյուռքյան կառույցներ ունեցող այլ ազգերի ներկայացուցիչների հետ համագործակցության նոր ձեւաչափեր, որոնք նոր զարգացումներ կապրեն, կարտահայտվեն կյանքի տարբեր ոլորտներում`  ամրապնդելով պատմական ճակատագրի բերումով եւ ներկայիս քաղաքականության թելադրանքով փոխադարձաբար միմյանց կարիքը զգացող ազգերի կապը:

Օֆելյա Սարգսյան

24.10. 2012թ. ք. Ֆլենսբուրգ, Գերմանիա

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ