Դեկտեմբերի 13-ից մինչեւ 19-ը 3 բալից ավել երկրաշարժ չի գրանցվել
Ս.թ. դեկտեմբերի 13-ից մինչեւ 19-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է յոթ երկրաշարժ: Դեկտեմբերի 17-ին 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի Արդահան քաղաքից 33 կմ հարավ-արեւելք: Հաջորդ օրը տեղի է ունեցել հինգ երկրաշարժ: 3 բալ ուժգնությամբ երկու ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Քարվաճառ քաղաքից 3 կմ հարավ-արեւելք եւ Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում` Հիրսա քաղաքից 24 կմ հյուսիս-արեւելք: 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Նինոծմինդա քաղաքից 24 կմ հյուսիս-արեւելք: 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել Ադրբեջանի Ղազախ քաղաքից 20 կմ հյուսիս եւ Ռուսաստանի Դաշնության Ախտի քաղաքից 7 կմ հյուսիս-արեւելք: Դեկտեմբերի 19-ին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Վրաստանի Քվարելի քաղաքից 7 կմ հյուսիս-արեւելք:
Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երեք ուժեղ երկրաշարժ: Դեկտեմբերի 14-ին 6.3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ավալոն քաղաքից 262 կմ հարավ-արեւմուտք: Հաջորդ օրը Պապուա Նոր Գվինեայի Տագոն քաղաքից 29 կմ հարավ-արեւմուտք տեղի է ունեցել 6.0 մագնիտուդով երկրաշարժ: Դեկտեմբերի 17-ին սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու ափամերձ տարածքում, որն ունեցել է 6.1 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով տուժածներ եւ ավերածություններ չկան:
“ՍՊԾ” գործակալություն