Ամուսնությունների, ծնունդների թիվը նվազել է. կառավարությունը որոշում ընդունեց
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց հավանություն տալ Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013 թվականի պետական ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով` սա բխում է հասարակության շահերից:
Վերջին 23 տարիներին Հայաստանում ծնունդները նվազել են: 1990 թ-ին hանրապետությունում ծնվել է 79 882 երեխա, իսկ անցած քսանամյակում ամենաբարձր ցուցանիշը եղել է 2010-ին, ծնվել է 44 825 երեխա, 2012-ի առաջին կիսամյակում՝ 19 183:
Ծնելիության` դեռևս ցածր ցուցանիշը պայմանավորող գործոններից մեկը ամուսնությունների` դեռևս ոչ բավարար մակարդակն է: 2011թ. հունվար-դեկտեմբերին գրանցված ամուսնությունները 2010թ. հունվար-դեկտեմբերի համեմատ (17984) աճել են 1722-ով և կազմել 19706 դեպք, իսկ ամուսնալուծությունների դեպքերը աճել են 6.4%-ով կամ 191-ով և կազմել 3188 դեպք: 2012թ. հունվար-հունիս ամիսներին, 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, նկատվել է ամուսնությունների թվաքանակի նվազում 147-ով:
Հանրապետությունում տեղի ունեցող ժողովրդագրական գործընթացների վրա նշանակալի ազդեցություն ունի գործազրկության մակարդակը: Դիտարկելով հանրապետությունում պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակն ու կառուցվածքը, հարկ է փաստել, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ զբաղվածության գործակալության 10 մարզային և 41 տարած¬քային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրող անձանց թվաքանակը կազմել է 81733 մարդ, իսկ գործազուրկների թիվը` 69440 մարդ, հանրապետությունում պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը կազմել է 6.2 %:
2012թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված աշխատանք փնտրողների թվաքանակը կազմել է 77.0 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 12.8%-ով (88.3 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 5.8%-ով (81.7 հազ. մարդ):
Աշխատանք փնտրողների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը կազմել է 68.6% (52.7 հազ. մարդ), երիտասարդների տեսակարար կշիռը` 24.4% (18.8 հազ. մարդ): Աշխատանք փնտրողների 84.5%-ը (65.1 հազ. մարդ) ստացել է գործազուրկի կարգավիճակ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12.1%-ով (74.1 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 6.2%-ով (69.4 հազ. մարդ):