ԲՀԿ-ն գնաց քաղաքական հանցագործության. Սմբատ Այվազյան

“Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը հայտարարություն է տարածելու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի 2013 թ-ի Փետրվարի նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ, որտեղ մասնավորապես ասվում է.
Հայրենակիցներ,
Իշխանությունը իր քաղաքական արբանյակների հետ ժողովրդին հերթական անգամ խաբեց: Իր իսկ ստեղծած այլընտրանքը հանելով նախագահական մրցապայքարից, քաղաքացիներին ընդհանրապես զրկեց որևէ ընտրություն կատարելու հնարավորությունից:
Իշխանությունների կողմից ժամանակին որպես արհեստական այլընտրանքային ուժ ստեղծված Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելը մեկ անգամ ևս ի չիք դարձրեց մեր երկրում քաղաքական պայքարի հնարավորության վերաբերյալ սին պատրանքները:
Հասկանալով, որ իշխանությանը մերժելու համար ժողովուրդը պատրաստ էր նույնիսկ կեղծ այլընտրանքի հետևից գնալ, ԲՀԿ-ն, որը խորհրդարանական ընտրություններին ստացել էր ընտրողների ձայների գրեթե կեսը, գնաց քաղաքական հանցագործության, հրաժարվելով նախագահական պայքարից:
Ինչպես 2003-ին Ազգզյին Միաբանության և 2008-ին Օրինաց Երկրի դեպքում, այնպես էլ այս անգամ երկրի քաղաքական վերնախավը իր անդրկուլիսյան պայմանավորվածություններով հուսախաբ արեց մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին, դրսևորելով իր հանցավոր եսասիրությունը:
Հանուն իշխանության պահպանման նրանք այս անգամ էլ դավաճանեցին ժողովրդին, Բարգավաճ Հայաստանը դարձնելով ընտրազանգվածին ապակողմնորոշելու հերթական գործիք:
Իսկ ԲՀԿ-ն ձևացնելով ընդդիմադիր գործունեություն կարողացավ, ոչ միայն խորտակել ներկա պահին քաղաքական մրցակցային դաշտ ստեղծելու ժողովրդի հույսերը, այլև տկարացնել ընդիմադիր շարժումը, որն արտահայտում և արտացոլում էր լայն ժողովրդական զանգվածների բողոքն ընդդեմ անհույս գործազրկության, աղքատության և պաշտոնյաների անօրենությունների:
Այսպես շարունակվելու դեպքում մեզ սպասում են առաջընթացի և ապագայի նկատմամբ հավատի բացակայությամբ, հանցավոր ռեժիմների վերարտադրութան տասնամյակներ: Այս իրավիճակում Հայաստանի նվիրյալ որդիները, իսկական քաղաքացիները չե’ն կարող լռել:
Չեն կարող չտեսնել, որ երկիրը կանգնած է լրջագույն սպառնալիքների և մարտահրավերների առջև, շարունակվող թշնամական շրջափակման մեջ:
Չեն կարող չտեսնել, որ Հայաստանի քաղաքացիների կեսն արդեն լքել է երկիրը, իսկ իշխանությունն ամբողջությամբ ձախողել է տնտեսական քաղաքականությունը:
Ժողովուրդը պետք է արթնանա ու վերջ դնի այս ոճրագործությանը: Ժողովուրդը պե’տք է ոտքի կանգնի ու պաշտպանի իր իրավունքները, իր հաղթանակը Ղարաբաղյան պատերազմում, իր հայրերի պատիվը և իր երեխաների ապագան:
Ես կո’չ եմ անում Հայաստանի նվիրյալ որդիներին միանալ և մեկընդմիշտ ապացուցել, որ անդրկուլիսային պայմանավորվածությունները չեն կարող կոտրել ժողովրդի կամքը:
Կո’չ եմ անում բոլոր հայերին, ում հետաքրքրում է հայրենիքի ապագան, պաշտպան կանգել իրենց սահմանադրական իրավունքներին:
Սիրելի’ հայրենակիցներ,
Պետք է համախմբվել, միավորվել և պայքարել, որպեսզի 2013 թ-ի Փետրվարի նախագահական ընտրությունները անցնեն ժողովրդավարության և բազմակարծության մթնոլորտում:
Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ կրկին խաբեն անպատասխանատու մարդիկ, ովքեր իրենց անձնական շահը վեր են դասում ժողովրդի շահերից:
Մենք այլեւս չպետք է լուռ նայենք, թե ինչպեն են ոմանք քաղցած ու անպաշտպան ժողովրդի հաշվին ապրում շքեղության մեջ, դղյակներ ու ամրոցներ կառուցում:
Չպետք է համակերպվենք այն բանի հետ, որ իրենց արյան գնով Արցախն ազատագրած մեր հայրենակիցների ընտանիքները գոյատևեն աղքատության մեջ: Այլևս տեղ չկա:
Համբերության բաժակը լցվել է:
Հետևաբար, մենք պե’տք է պայքարենք: Պայքարենք հանուն ապագայի, հանուն հայրենիքի ու հանուն նոր հույսի ծննդյան: Միայն համազգային միասնական ու վճռական գործողությունները կարող են շտկել վիճակը:
Միայն ազգային արժեքների շուրջ ճշմարիտ հայրենասերների համախմբումն է, որով կարող ենք հաղթահարել այս քաղաքական դավաճանությունների շարքն ու դրանց բերած դառնությունը:
Հայրենակիցներ. մենք պարտավոր ենք ազատվել այս անտարբերության թմբիրից և պարտավոր ենք հասկանալ, որ այս իրավիճակում լռելը հավասարազոր է դավաճանության: Մենք պարտավոր ենք համախմբվել ու գործել:
Մենք պարտավոր ենք գտնել այս անհանդուրժելի իրավիճակը շտկելու ձևերն ու միջոցները: Մենք պայքարելու ենք և մոտ ապագայում կներկայացնենք մեր տեսակետներն ու ծրագրերը: Պայքարելու ենք հանուն իրականում ազատ ու ժողովրդավարական Հայաստանի:
Այդ պայքարում ես և իմ համախոհները ակնկալում ենք մեր հասարակության, մեր ողջ ժողովրդի օգնությունն ու աջակցությունը: Որովհետև մեր միասնությունն է լինելու հաղթելու, իրականում բարգավաճող երկիր կառուցելու միակ երաշխիքը: