Պետական նման որակներն են հանգեցնում արյունահեղության. Ժամանակ
Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 16-րդ տարելիցը։ 16 տարի առաջ Հայաստանի խորհրդարանում փաստացի գլխատվեց Հայաստանի Հանրապետությունը, ոճրագործությանը զոհ գնացին Հայաստանի վարչապետը, Աժ նախագահը, Աժ փոխնախագահները, նախարար, պատգամավորներ, ընդհանուր թվով՝ ութ մարդ։ Նորանկախ, պետականության, քաղաքական ավանդույթներից զուրկ, նոր կայացող, պատերազմը նոր հաղթահարած պետության համար դա պարզապես մահացու հարված էր։
Ըստ որում՝ խնդիրը բոլորովին այն անձերը չեն, որոնք զոհ գնացին այդ ահաբեկչությանը։ Դա ողբերգության մարդկային կողմն է, որն անկասկած ամենառաջնայիններից մեկն է, որն ուղղակի անսփոփ վերք է ողբերգության զոհերի բոլոր հարազատների, ընկերների համար։ Սակայն մարդկային կողմից զատ, կա ոճրագործության պետական ասպեկտը, եւ այստեղ, իհարկե, անկախ անձերից, անկախ նրանց գործունեությանը տրվող տարբեր գնահատականներից, երբ պետության մեջ տեղի է ունենում այդ մասշտաբի ահաբեկչություն, այդ մասշտաբի ոճրագործություն, դա ինքնին հարված է պետությանն ու պետականությանը բոլոր դեպքերում։
Այսօր՝ 16 տարիների հեռավորությունից, երբ բթացել է մարդկային ցավը, մարդկային ողբերգությունը, երբ այն դարձել է միայն զոհերի հարազատների ներքին վերքը՝ անամոք, չսպիցող վերքը,
շատ դժվար է գնահատել ոճրագործության պետական ասպեկտի թողած հետեւանքները։ Մենք հաղթահարե՞լ ենք Հոկտեմբերի 27-ը, թե՞ ոչ, մենք ողբերգությունը անցկացրե՞լ ենք մեզանով եւ դասեր քաղել, թե՞ դա մեզ միայն թվում է, եւ ըստ որում՝ հանցավոր, վտանգավոր թվացյալությամբ, քանի որ դա ցավից բացի՝ բթացնում է նաեւ մեր զգոնությունը։
Այս հարցերը առավել քան հրատապ են այսօր, երբ Հայաստանը կանգնած է կարեւորագույն աշ– խարհաքաղաքական քամիների մի դաշտում, որոնց ընթացքը հայաստանյան տեսանկյունից ուղղակի անվերահսկելի է, եւ միակ բանը, որ կարող է անել Հայաստանը դրանցից պաշտպանվելու համար, սեփական դիրքերի ամրությունն առավելագույնս հոգալն է այն մասով, ինչը կախված է իրենից։
Եվ այս տեսանկյունից մենք պետք է խոստովանենք, որ այն, ինչ կախված է մեզանից՝ մենք ոչ միայն չենք անում բավարար մասով՝ որպես պետություն, որպես հասարակություն, այլ նույնիսկ չենք անում վտանգավորության աստիճան։
Վերջին հաշվով, ո՞րը պետք է լիներ Հոկտեմբերի 27-ի ամենակարեւոր դասը։ Վերջին հաշվով, Հոկտեմբերի 27-ը զուտ մարդկային բաղադրիչով էր սահմռկեցուցիչ ոճրագործություն, մինչդեռ զուտ հետեւանքների մասով պետությանը հասցվող հարվածները գուցե լինում են եւ առավել դաժան, առավել ցավալի, առավել խորքային, պարզապես դրանք չունենալով մարդկային ոդբերգության ցավալի բաղադրիչը, առաջին հայացքից այդքան էլ ցավոտ չեն ընկալվում հասարակության մոտ։
Եվ այդ իմաստով դասեր քաղել Հոկտեմբերի 27-ից բոլորովին չի նշանակում միայն թույլ չտալ նման արյունահեղություն։ Դասեր քաղել պետության դեմ որեւէ ահաբեկչական գործողությունից՝ նշանակում է թույլ չտալ պետության դեմ ոչ կրակոցներ, ոչ գողություն, ոչ անօրինականություն, ոչ կոռուպցիա, ոչ ընտրակեղծիք, ոչ իշխանափոխություն, ոչ հասարակության հանդեպ խաբեություն, ոչ ինքնիշխանության հանձնում։
Սա է Հոկտեմբերի 27-ից քաղված դասը, սա կարող է լինել այդ դասը։ Ի վերջո, երբ թույլ է տրվում այս ամենը, եւ պետության հանդեպ հանցագործության ծանրությունը արյունով չափվում է, իսկ գողոնի ծավալով՝ ոչ, արյունը ընդամենը ուշանում է ժամանակի, բայց ոչ տարածության մեջ։
Ի վերջո, պետական նման որակներն են հանգեցնում արյունահեղության, ինչի վկայությունը Հոկտեմբեբի 27-ից մոտ մեկ տասնամյակ անց տեղի ունեցած Մարտի 1-ն էր։ Մարտի 1-ից էլ արդեն անցնում է 7 տարի, եւ քանի դեռ չի մոտեցել տասնամյակը, մենք առավելքան սուր եւ առարկայորեն պետք է հարց տանք մեզ՝ մենք, որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես հասարակություն, որպես ազգ, փորձե՞լ ենք դաս քաղել Հոկտեմբերի 27-ից։ Ըստ որում՝ փորձե՞լ ենք հասկանալ, որ դաս քաղել 27-ից՝ նշանակում է պատասխանել ոչ թե հարցին, թե ինչ էր 27-ը, այլ հարցին, թե ինչ է պետությունը։