19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Էթիկայի հանձնաժողովը չի տապալվի. ընդմիջում ընդմիջման հետեւից եւ քվեարկություն

Քիչ առաջ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քվեարկության դրեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կազմում քաղաքական հավասարակշռություն հաստատել եւ լրացուցիչ տեղեր տրամադրել քաղաքական մեծամասնությանը:

Նշենք, որ այս նախագիծն ԱԺ արտահերթ նիստի ամենավիճահարույց փաստաթուղթը կարելի է որակել: Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հայտարարեցին, որ դեմ են նախագծին ու եթե այն ընդունվի, իրենց անդամներին հետ կկանչեն հանձնաժողովից:

Վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրելով, ՀԱԿ պատգամավոր Էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը նախ ասաց, որ ընդունում է Դավիթ Հարությունյանի` բանավեճի հրավերը, որը նա փոխանցել էր Արփինե Հովհաննիսյանի միջոցով.”Օրվա տեղի, ժամի, հեռուստաընկերության մասին լրացուցիչ ճշգրտմամբ ընդունում եմ”:

Այնուհետ Փաշինյանն ասաց, որ այժմ քննարկման սեղանին է դրվել նոր նախագիծ, որից հանվել է վետոյի ինստիտուտը , նախագիծը իննսուն տոկոսով փոփոխված է եւ դեռ քննարկման կարիք ունի: Փաշինյանը չհստակեցրեց ՀԱԿ-ի դիրքորոշումը եւ սահմանափակվեց այսքանով:

ՀՅԴ-ի անունից հանդես եկավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հայտարարելով, որ նախագծից հանվել է հանձնաժողովը անգործունյա դարձնելու կետերը, այդ իսկ պատճառով ՀՅԴ-ն կմասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, բայց դեմ է, որ խաղի կեսից կանոններ են փոխվում:

Դաշնակցական մեկ այլ պատգամավոր` Վահան Հովհաննիսյանը ձայն խնդրեց եւ հայտարարեց, որ այս պահին դահլիճում 63 մեծամասնության ներկայացուցիչ կա եւ եթե հանկարծ չքվեարկվի, չասեն, որ նախագիծն անցել է:Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու քվեարկությանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ միանում է գործընկերներին, մեկ ժամ առաջ խաղի կանոն է փոխվել եւ որոշակիորեն ընդունելի դրույթներ են առաջարկվել: “ԲՀԿ-ն կշարունակի աշխատանքները հանձնաժողովում եւ, իհարկե, Դավիթ Հարությունյանի վերադարձից հետո կքննարկենք, որովհետեւ մեծերի գործերն անկանխատեսելի են”,-հայտարարեց նա: ԲՀԿ եւս չի մասնակցի քվեարկությանը:

“Ժառանգությունից” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւս հայտարարեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Զեկուցող Արփինե Հովհանիսյանն էլ տեղեկացրեց, որ իր  եզրափակիչ ելույթից հետո առաջարկներ են հնչել եւ ընդունելի է համարվել “երեք պլյուս երեք պլյուս մեկ” ձեւաչափը, այսինքն` իշխանության եւ ընդդիմության համար հավասար տեղեր` ավելացրած ԲՀԿ-ն եւ նախագծից հանվել է վետոյի իարվունքը:

Այս հայտարարություններին հաջորդեց Գալուստ Սահակյանի հայտարարությունը` քսան րոպե ընդմիջում վերցնելու մասին: Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում Գալուստ Սահակյանն ասաց, որ ընդմիջումը խնդրել է հարցը քննարկելու համար:

Քսան րոպե ընդմիջման ավարտից հետո ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը լրագրողներին ասաց, որ քսան րոպեն արդեն անցել է եւ նիստը դեռ չի սկսվել.”Ինչ էլ որ քվեարկվի պետք է վաթսունվեց հոգի լինի, սա արդեն կանոնակարգի խախտում է”,-նշեց ՀՅԴ-ական պատգամավորը:

Ի դեպ, ընդմիջաման ավարտին ԱԺ պատգամավոր ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը եկավ, ով նիստի կեսից հեռացել էր դահլիճից: ԱԺ միջանցնքերում շշնջում են, թե նրան ”բերման ենթարկեցին”:

Նիստը վերսկսվելուց հետո վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը .”Դեմ լինելով հանձնաժողովի նկատմաբ վերահսկողություն սահմանելու մեծամասնության ջանքերին, ՀԱԿ-ը չի մասնակցելու քվեարկությանը, իսկ էթիկայի հանձնաժողովում իր հետագա մասնակցության հարցը կքննարկի”:

Ձայն խնդրեց նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ հայտարարեց.”Այս պահին քվեարկության է դրվում նոր նախագիծ, որը էթիկայի հանձնաժողովում առկա “դե ֆակտո” իրավիճակը չի փոխում: Հարցի վերջնական լուծումը մնում է էս նախագծի պաշտոնական հրապարակումից հետո հրապարակելու տիրույթում: Այս պահին արձանագրենք, որ քվեարկվում է մեծամասնության հավակնույթուններին հակասող նախագիծ”: Այս հայտարարությունն ի դեպ, որոշակիորեն հակադրվում է Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը:

Վարման կարգի ելույթներից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը արձանագրեց, որ ԱԺ նիստերի դահլիճում քաղաքական մեծամասնությունը վաթսունյոթ պատգամավոր ունի, բայց հայտարարում է կես ժամ ընդմիջում, քանի որ ընդմիջման ժամ է: Նշենք, որ ժամը տասնվեցին ԱԺ երկրորդ ընդմիջման ժան է:

70 կողմ, 6 դեմ եւ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ վիճահարույց նախագիծն ավարտվեց: Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեծամասնությունը իր պայքարով կարողացավ անել այնպես, որ մեծամասնությունը իրոք դառնա մեծամասնություն եւ 63 հոգով չքվեարկի, ուստի եւ մասնակցեց քվեարկությանը եւ իր դիրքորոշումն արտահայտեց` դեմ քվեարկելով: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ