Դավիթ Հարությունյանը բանավեճի “ձեռնոց” նետեց
ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը, որը ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմում փոփոխություններ է նախատեսում, նպատակ ունի քաղաքական հավասարակշռության միջոցով հասնել նրան, որ հանձնաժողովում կայացվեն ապաքաղաքական որոշումներ:
Այս մասին քիչ առաջ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հայտարարեց հարցի հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացվել է ԱԺ արտահերթ նիստին եւ ոչ կոալիցիոն խմբակցությունների կողմից ընկալվում է որպես հանձնաժողովը քաղաքական մեծամասնությանը ենթարկելու փորձ:
Ի դեպ, այս նախագիծը խորհրդարան է բերվել հանձնաժողովում ԱԺ տապալված արտահերթ նիստի վերաբերյալ հարցի քննարկման ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը լքել էր քննարկումը` հայտարարելով, որ հանձնաժողովի նախագահն իրեն ապօրինաբար զրկել է ձայնի իրավունքից:
Նշենք, որ նախագծի քննարկման ընթացքում պատգամավորները “պահանջում” էին Դավիթ Հարությունյանին եւ նշում, թե ինչու է հարցը ներկայացնում Արփինե Հովհաննիսյանը, ով հանձնաժողովի անդամ չէ /այս հանգամանքը առաջացրել էր ԱԺ նախագահի զայրույթը-խմբ./:
Այսօր Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց գործընկերներին, որ Դավիթ Հարությունյանը խնդրել է փոխանցել, որ ցանկացած ֆորմատով ցանկացած գործչի հետ ուղիղ եթերում կարող է բանավիճել:
Henaran.am-ին Արփինե Հովհաննիսյանը ասաց, որ Դավիթ Հարությունյանն այս օրերին գործուղման է եւ արտերկրից կվերադառնա այսօր երեկոյան:
Հավելենք, որ երեկ Էթիկայի հանձնաժողովի նախագահ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Դավիթ Հարությունյանը դռնփակ նիստի “խոհանոցը” հրապարակայնացրել է: