Աշխարհի վերջից առաջ եւ հետո. բոլորը բացի ԲՀԿ-ից
Աշխարհի վերջի եւ տարեվերջյան տրամադրությունները Հայաստանում կարող են քաղաքական գործընթացների սկիզբ ազդարարող նորություններով համեմվել: Հաշված օրեր անց քաղաքական խաղացողների հիմնական մասը նախագահական ընտրությունների նախաշեմին կհրապարակի սեփական օրակարգը:
Այսպես. դեկտեմբերի 21-ին կայանալու է ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության համագումարը: Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ՝ համագումարն անցկացվելու է կառավարության նիստերի դահլիճում: Համագումարի մուտքն ազատ է լինելու:
Դեկտեմբերին 22-ին սպասվում է երկու խորհրդարանական ուժերի համագումար: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այդ օրը իր համագումարն է անցկացնելու ՕԵԿ-ը:
Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանը, համագումարի օրակարգում լինելու է նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշումը, ինչպես նաև ներկուսակցական այլ հարցեր: ՕԵԿ համագումարին հայաստանյան կուսակցություններից հրավիրված է միայն ՀՀԿ-ն, ներկա է լինելու նաև Սերժ Սարգսյանը:
Նույն օրը ՛՛Արմենիա Մարիոթ՛՛-ում՛՛Ժառանգականները՛՛ համագումար կանեն: Կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի փոխանցմամբ՝ նախ լինելու է քաղաքացիական ժողով՝ այսպես ասած՝ հանրային հավաք, որին հաջոդելու է համագումարը: Օրակարգում ընտրություններում սեփական թեկնածուի առաջադրման հարցն է: Քանի որ համագումարը բաց է, հրավիրատոմսեր որեւէ ուժի չի ուղարկվել:
Դարձյալ դեկտեմբերի 22-ին տեղի կունենա ՀՀՇ-ի համագումարը: Կուսակցության խոսնակ Արման Գալոյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ օրակարգում կուսակցության երկու տարվա աշխատանքի ամփոփումն է, վարչության խորհրդի ընտրությունը և ներքաղաքական զարգացումները՝ կապված նախագահական ընտրությունների հետ: Համագումարին ներկա է լինելու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սակայն դեռևս պարզ չէ՝ առաջին նախագահը կխոսի, թե ոչ:
Նշենք, որ չնայած նախապես հայտարարվել էր, բայց համագումար չի անի ԲՀԿ-ն: Կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեզ ասաց, որ այս պահի դրությամբ իրենք համագումարի հետ կապված քննարկումներ չեն ունեցել: ՛՛Օրակագում նման հարց չկա, համագումարի անցկացումը կապված է լինում կամ օրենքի պահանջի, կամ կուսակցության համար համապատասխան ֆորմատով որոշում կայացանելու անհրաժեշտության հետ՛՛,-ասաց Ուրիխանյանը: Հիշեցնենք, ԲՀԿ-ն արդեն հայտարարել է, որ նախագահական ընտրություններին չի ունենա սեփական թեկնածու եւ չի սատարի որեւէ մեկին:
Դեռևս պարզ չէ, թե երբ կկայանա ՀՅԴ գերագույն մարնի խորհրդի նիստը: ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցությունը ևս չի որոշել, թե անելու է համագումար, թե ոչ: Կուսակցության խոսնակ Անժելա Խաչատրյանը Henaran.am-ին հայտնեց, որ այս շաբաթ կուսակցությունը նիստ է անկացնելու և դրանից հետո պարզ կլինի նաև համագումարի հարցը: