Մեզ շախմատ են առաջարկում, հետո անցնում սուսերամարտի. ՀՅԴ
“Մենք ասում էինք, որ էթիկայի հանձնաժողովը պետք է լինի ապաքաղաքական, եւ քաղաքական կոմպոնենտը պետք է հանել, որովհետեւ երբ դիրքորոշում ես հայտնում, կապ չունի ընդդիմադիր ես, իշխանություն կամ այլընտրանք”,-քիչ առաջ խորհրդարանում հայտարարեց ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննսիյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին, որի քննարկումը երկրորդ ընթերցմամբ մեկնարկեց:
Արծվիկ Մինասյանը ցավ հայտնեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի համաձայնություն կայացնելու ջանքերը ձախողվեցին եւ նշեց, որ ներկայացված տարբերակով Էթիկայի հանձնաժողովը քաղաքականացվում է, ինչի պայմաններում հանձնաժողովի արդյունավետության մասին խոսելն անիմաստ է: “Եվս մեկ անգամ ՀՀ ԱԺ–ն հարված է ստանում, ժողովրդավարական ծիլերը վտանգի առջեւ են“,-հայտարարեց դաշնակցական պատգամավորը եւ դիմեց կոալիցիոն խմբակցություններին.”Անիմաստ է քննարկել ընդհանրապես համագործակցության հնարավորությունն այս հանձնաժողովի կազմում: Ստեղծեք, կարողացեք ինքներդ ձեւավորել էթիկայի հանձնաժողով եւ ինքներդ էլ կքննարկեք պատգամավորի էթիկայի հարցը”:
Արծվիկ Մինասյանն ոչ կոալիցիոն գործընկերներին հորդորեց քննարկել այս հանձնաժողովում ընդդիմության եւ այլընտրանքի մասնակցության հարցը: “Ներկայացված ձեւակերպումները ձախողելու են հանձնաժողովի աշխատանքները, իսկ մենք չենք ուզում մասնակցել այդ ձախողմանը, եթե իրականացնում ենք քաղաքականություն. խաղի կանոները չպետք է փոխել, մեզ առաջարկում եք շախմատ, հետո տեսնում եք, որ պարտվում եք, փոխում եք խաղը` զրահաբաճկոն հագնում եւ սուսերամարտ խաղում”,-շարունակեց Արծվիկ Մինասյանը:
Նա նաեւ անհասկանալի համարեց հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի պահվածքը հանձնաժողովում: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի նախաձեռնած արտահերթ նիստի տապալման հարցով ՀՅԴ-ն դիմել էր ԱԺ էթիկայի հանձնաժողով: Հարցի քննարկմանը Դավիթ Հարությունյանը լքել էր քննարկումը` հայտարարելով, որ իրեն ապօրինաբար զրկել են ձայնի իրավունքից: