Մեկ շաբաթվա ընթացքում սուր շնչառական վարակների 2360 դեպք է գրանցվել
«Սուր շնչառական վարակների ներկա իրավիճակն օրինաչափ է։ Յուրաքանչյուր տարի ՀՀ առողջապահության նախարարությունը բարձրաձայնում է, որ հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների երկու ալիք։ Առաջին ալիքն սկսվում է սեպտեմբերի վերջին տասնօրյակից կամ հոկտեմբերից, իսկ երկրորդը` դրան հաջորդող տարվա փետրվար ամսից»,-նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։ Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը:
Նա ներկայացրեց, որ գրիպի և սուր շնչառական վարակների ուղղությամբ իրականացվող շաբաթական մոնիթորինգի տվյալներով 2015 թվականի հոկտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում բուժհիմնարկություններից ստացված տեղեկատվության համաձայն գրանցվել է սուր շնչառական վարակների 2360 դեպք, ինչը 261-ով պակաս է 2015 թվականի համեմատությամբ (2014 թվականի նույն ժամանակահատվածում` 2621դեպք):
Ներկայումս Հայաստանում դիտվում է սեզոնային բնականոն ընթացք: Արձանագրված դեպքերի համաճարակաբանական վերլուծությունը վկայում է, որ դրանք չեն գերազանցում սուր շնչառական վարակներով նախորդ 5 տարվա հիվանդացության շեմը: