Ոստիկանությունը Անկարայի ահաբեկչության մասին գիտեր 20 օր առաջ. պաշտոնական փաստաթուղթ
Fox հեռուստաալիքի թուրքական ծրագիրը պաշտոնական փաստաթուղթ է հրապարակել այն մասին, որ թուրքական ոստիկանությունը նախապես տեղյակ է եղել Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, Fox-ի հաղորդման մեջ ասվում է, որ Թուրքիայի Թունջելի նահանգի անվտանգության տնօրինությունը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից քաղաքներում եւ բնակավայրերում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մասին սեպտեմբերի 17-ին պաշտոնական շրջաբերական է ուղարկել Թուրքիայի ոստիկանական բոլոր բաժանմունքներին:
Փաստաթղթում նշվել է, որ IP-ի անդամ «կենդանի ռումբերը» պատրաստվում են իրենց պայթեցնել հանրահավաքների ժամանակ:
Պաշտոնական փաստաթղթում ասվում է, որ ԻՊ-ն Թուրքիայում մեծ ահաբեկչական գործողություն իրականացնելու մասին որոշում է ընդունել:
«Ծրագրված ահաբեկչական գործողությունն իրականացվելու է ինքնաթիռի կամ նավի առեւանգելու, կամ էլ` մեծ հանրահավաքներից մեկում միաժամանակ մի քանի «կենդանի ռումբերի» ինքնապայթեցմամբ սարսափելի կոտորած իրագործելու միջոցով», -նշվում է փաստաթղթում:
Հոկտեմբերի 10-ին Անկարայում իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով պաշտոնական տվյալներով 106 մարդ զոհվել, 250-ից ավելի մարդ էլ վիրավորվել են: