Տաքսիստների բաց նամակը Տիգրան Սարգսյանին
Հարգելի’ պարոն Սարգսյան,
Մոտ մեկ տարի առաջ, ինչպես բոլոր վարորդներին, այնպես էլ անխտիր բոլոր տաքսիստներին, պարտադրեցին ապահովագրել մեքենաները`պնդելով, որ սա առաջին հերթին ձեռնտու է մեքենա վարողներին: Հաշվի առնելով, որ տաքսիներն ավելի ռիսկային են, ի սկզբանե մենք ավելի շատ գումար ենք վճարել`մեքենան ապահովագրելու համար: Իսկ այժմ այդ նույն ապահովագրական ընկերությունները տեռորի են ենթարկում տաքիստներին ու պահանջում են ԱՊՊԱ պայմանագիր կնքել 3 ամիսը մեկ` տարեկան կտրվածքով վճարելով մոտավորապես կրկնակի գումար, կամ ընդհանրապես հրաժարվում են ԱՊՊԱ կտրոն տրամադրել: Երբ խնդրում ենք գրավոր կերպով պարզաբանել, թե ինչու չեն կատարում օրենքով ստանձնած իրենց պարտավորությունները, պատասխանում են, որ հրամանը ՎԵՐԵՎԻՑ է, ու իրենք իրավասու չեն մեզ պատասխանել:
Վարորդների մեծամասնությունը իրենց մեքենաները վարկով են վերցրել`գրավ դնելով իրենց տունը կամ հենց տվյալ մեքենան: Ու այժմ, ապահովագրական ընկերությունների անօրինական ու լրացուցիչ գումարներ շորթելուն ուղղված գործողությունների արդյունքում չենք կարողանում աշխատել ու վերադարձնել վերցված վարկերը: Իսկ առանց ԱՊՊԱ կտրոնի վարել մեքենան, նշանակում է օրենք խախտել կամ տուգանքներ մուծել, այն դեպքում երբ մենք մեղավոր չենք: Այսինքն, մեզ կամ թալանում են կամ թույլ չեն տալիս աշխատել`ստիպելով դառնալ գործազուրկ, թափառական մուրացկան ու կորցնել տարիների աշխատանքի արդյունքում ձեռք բերած գույքը:
Արդեն երկար ժամանակ է բարձրաձայնվում է այս խնդրի մասին, որից հարյուրավոր հայ ընտանիքների բարեկեցությունն է կախված: Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը եւ Դուք, պարոն Սարգսյան, չեք արձագանքում այս խնդրին ու չեք կանխում այդ ապօրինի գործունեությունը: Մենք, որպես ՀՀ իրավահավասար քաղաքացիներ, խնդրում ու պահանջում ենք, որ այս խնդիրն իր լուծումը ստանա, ու մենք կրկին օրինական հիմունքներով մեր աշխատանքին վերադառնալու հնարավորություն ստանանք, որ կարողանանք պահել նաեւ մեր ընտանիքները:
Մի խումբ տաքսու վարորդներ