Դավիթ Հարությունյանի պահվածքը էթիկայի հանձնաժողովում քննարկելու հարց է. Արծվիկ Մինասյան
ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է քաղաքական հավասարակշռություն հաստատել էթիկայի հանձնաժողովում, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հորդորեց բոլորին զբաղվել սեփական քաղաքական թիմի խնդիրներով եւ չփորձել գտնել ԲՀԿ-ի տեղը քաղաքական արեւի տակ:
“Տպավորությունս այնպիսին է, որ փոփոխությունը պայմանավորված է միայն ԲՀԿ-ի նկատմամբ ունեցած անսահման հոգատարությամբ, այդքան մտահոգ մի եղեք, մենք հրաշալի գիտենք մեր տեղն էլ, դերն էլ”,-հայտարարեց Զոհրաբյանը եւ հավելեց, որ ԲՀԿ-ն դեմ է նախագծին, որովհետեւ նախագծի արդյունքը լինելու է այն, որ հանձնաժողովը վերածվելու է խորհրդարանի մինի մոդելի:
Բանն այն է , որ գործող օրենքով ԱԺ Էթիկայի հանձնաժողովում քաղաքական մեծամասնությունը փոքրամասնություն է կազմում:
ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն էլ նշեց, թե եթե կառավարող ուժին թվում է` իրենք պետք է սահմանեն պատգամավորի էթիկայի կանոնները, սրա պատասխանը քաղաքական մեծամասնությունը կստանա փոքրամասնությունից .”Ինքներդ կտեսնեք, թե որքան խոշոր սխալ եք անում, երբ փորձում եք հարցը տեղափոխել կոճակ սեղմելու դաշտ”,-նշեց Արծվիկ Մինասյանն ու հավելեց.”Այն, ինչ արեց պարոն Դավիթ Հարությունյանը էթիկայի հանձնաժողովում, էթիկայի հանձնաժողովի քննարկման հարց է”:
Հիշեցնենք, որ Էթիկայի հանձնաժողովի նիստի ժամանակ , երբ քննարկվում էր քաղաքական մեծամասնության կողմից ԱԺ արտահերթ նիստը բոյկոտելու հարցը, հանձնաժողովի անդամ, նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանն իրեն ապօրինի զրկել է ձայնից եւ լքել էր հանձնաժողովի նիստը: Այսօր հարցի քննարկմանը Դավիթ Հարությունյանը ներկա չէ: