Բոլորը պետք է կրեն իրենց բաժին “ժուչոկը”. Նիկոլ Փաշինյան
Քիչ առաջ խորհրդարանում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծի անհրաժեշտությունը քաղաքական մեծամասնության համար առաջացավ այն ժամանակ, երբ Էթիկայի հանձնաժողովը քննության առավ արտահերթ նիստը ԱԺ 83 պատգամավորների կողմից բոյկոտելու հարցը:
Նրա խոսքով, հարցը հանձանժողովում քննելը չէր “կազմաքանդի” ՀՀԿ խմբակցությունը, բայց ըստ նրա, ՀՀԿ-ի արձագանքը կայծակնային եղավ: ”Ընդամենը տասն օրվա ընթացքում ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու այս նախագիծը ծնվեց, հաստատվեց կառավարության կողմից: Կառավարությունն այսպիսով միջամտում է խորհրդարանի ներքին կանոնակարգային հարցի քննարկմանը”,-հայտարարեց Փաշինյանն ու նկատեց.
” Խորհրդարանական մեծամասնությունը կառավարությանը տղա է բերել էթիկայի հանձնաժողովի վրա, որովհետև իրեն այնքան էլ ապահով չի զգում ԱԺ-ում”: Նա նշեց, որ ԱԺ որեւէ հանձնաժողովում նախագիծը չի քննարկվել:
Փաշինյանի համոզմամբ, նախագիծը մեկ հարց է լուծում` ապահովել էթիկայի հանձնաժողովի վերահսկելիությունը մեծամասնության կողմից:
Շարունակելով իր ելույթը, Փաշինյանը հայտարարեց, որ խնդիրն ամենեւին էթիկայի հանձնաժողովի այսօրվա կազմից բխող վտանգները չեն.”Խնդիրն այն ավանդույթների եւ գործելաոճի մեջ է, որով երկիրը կառավարում է Սերժ Սարգսյանը եւ նրա քաղաքական թիմը: Նրանց համար անընդունելի է, որ երկրում լինի թեկուզ սիմվոլիկ իշխանության լծակներին տիրապետող մի օղակ, որը դուրս լինի իրենց վերահսկողությունից եւ հարյուր տոկոսով կանխատեսելի չլինի իրենց համար”:
Այնուհետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ՀՀԿ համագումարից եւ շարունակեց քաղաքական բնույթի գնահատականները.”Բոլորը պետք է լինեն վերահսկողության տակ եւ իրենց վրա կրեն իրենց բաժին ժուչոկը”:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատգամավորին հորդորեց խոսել ըստ էության, ինչին պատգամավորն արձագանքեց, թե ինքն է որոշում իր ելույթը: ՀԱԿ պատգամավորը շարունակեց ելույթը մինչեւ սահմանված ժամանակի ավարտը եւ ամբիոնից չհեռացավ, անգամ երբ բարձրախոսն արդեն անջատված էր:
Փաշինյանի ելույթին հաջորդեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը: Վերջինս հայտարարեց, որ նպատակ չուներ ելույթ ունենալ, բայց դրան իրեն ուղղորդեցին գործընկերները: