20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը հորդորեց կոռեկտ լինել օրիորդի հետ. կրքերը թեժացան

Խորհրդարանում այսօր ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխությունների մասին նախագծի քննարկման ժամանակ մի պահ անկառավարելի իրավիճակ ստեղծվեց: Նախագիծը ներկայացնում էր համահեղինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավոր  Արփինե Հովհաննիսյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորները, մասնավորապես հետաքրքրվեցին, թե ինչու է նախագիծը ներկայացնում Արփինե Հովհաննիսյանն այն դեպքում, երբ նա հանձնաժողովի անդամ չէ: ՀՅԴ-ական  Արմեն Ռուստամյանն էլ նկատեց, թե արդյոք նախագծի հեղինակներ Արփինե Հովհաննիսյանն ու Դավիթ Հարությունյանն արտոնյալ են, որ փոփոխությունների նախագիծը ներկայացրել են կառավարությանը, առանց հանձնաժողովներում  քննարկելու:

Հարցադրումները դուր չեկան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: “Պարոն Ռուստամյան, ինչ է նշանակում Ձեր հարցը: Ձեզ ինչ՝ ով է ներկայացնում, դա մեր ֆրակցիայի խնդիրն է, դա Ձեր ֆունկցիան չէ”,-հայտարարեց ԱԺ նախագահը եւ հավելեց.” Եվ հետո մի բան էլ` դուք օրիորդի հետ եք խոսում, խնդրում եմ կոռեկտ լինել”:

Տեղից ռեպլիկի կարգով միջամտեց ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը` պատգամավոր : “Պարոն Վարդանյան, քեզ ինչ պատահեց: Հինգ հոգով ուզում եք յոթանասուն հոգու որոշում կայացնելու մեջ պարտադրել: Բացառված է դա: Հանգստացեք”,-ԱԺ նախագահը դիմեց դաշնակցական պատգամավորներին:

Դահլիճում աղմուկի դադարեցումից հետո Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց Արմեն Ռուստամյանի հարցին եւ նշեց, որ կառավարությանն են դիմել որպես նախաձեռնության հեղինակներ.”Ինձ  թվում է, Դուք չեք հավատա այն կանխավարկածին, որ ես` որպես իրավաբան կարող էի խոստովանություն անել, այն էլ` Ձեզ, առ այն, որ …”:

Պատգամավորի խոսքը կիսատ մնաց, դահլիճում կրկին աղմուկ էր, տեղից` ռեպլիկներ: “Սիրո խոստովանություն չէ, պարոն Ռուստամյան, այլ խոստովանություն, որ դիմել ենք կառավարությանը”,-իր միտքն ավարտին հասցրեց պատգամավորն ու նշեց, որ նախագիծը ՀՀԿ խմբակցությունում քննարկվել է եւ որպես նախագծի հեղինակներ` դիմել են կառավարությանը:

Այնուհետ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը հարց ուղղեց զեկուցողին` շեշտելով “օրիորդ Հովհաննիսյան”-ը: Աղվան Վարդանյանն ասաց, որ խորհրդարանում ԲՀԿ-ն իրեն հայտարարել է այլընտրանք.”Դուք ինչու եք ուզում այդ կուսակցությանը բերել ճխտել, կոխել զոռով մի տեղ: Էդ  մարդիկ ասում են` ոչ ընդդիմություն ենք, ոչ իշխանություն` այլընտրանք ենք: Ով է ձեզ իրավունք տվել, սա ինչ մոտեցման ձեւ է…”: Աղվան Վարդանյանի դիտարկումը կրկին դուր չեկավ ԱԺ նախագահին.’’Բոլոր պատգամավորներին կոչ եմ անում իրենց կոռեկտ պահել, կոռեկտ արտահայտություններ անել, շատ չմեծամտանալ…“:

Տեղից ռեպլիկ արեց նաեւ ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը, որին կրկին արձագանքեց ԱԺ նախխագահը.”Ահաբեկո՞ւմ եք: Մի անգամ ահաբեկեցիք՝ տեսանք որտեղ հայտնվեցիք”:

Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի հեղինակած նախագիծը նպատակ ունի ԱԺ Էթիկայի հանձնաժողովում քաղաքական հավասարակշռություն հաստատել: Գործող օրենքով, կոալիցիոն մեծամասնությունը ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը հանձնաժողովում փոքրամասնություն են:Առաջարկվում է գործող օրենքում “ոչ ընդդիմադիր” բառերը փոխարինել “իշխանական” բառերով, իսկ “ընդդիմադիր” բառերը փոխարինել “ոչ իշխանական” բառերով” եւ սահմանել, որ հանձնաժողովում որոշումներն ընդունվելու համար անհրաժեշտ է, որպեսզի կողմ քվեարկեն ոչ իշխանական և իշխանական խմբակցությունները ներկայացնող առնվազն մեկական անդամներ:

Հարցի քննարկումը շարունակվում է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ