Երեւանի քաղաքապետի հյուրը ֆրանսահայ դաշնակահարն է
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ֆրանսահայ աշխարհահռչակ դաշնակահար Անդրե Մանուկյանին, ով դեկտեմբերի 16-ին բացառիկ մենահամերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում: Երաժշտի այցն ու համերգը կազմակերպվել են Երեւանի քաղաքապետի անմիջական հովանավորությամբ:
Ողջունելով հյուրին` քաղաքապետն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր բարձր մակարդակի վրա են. ֆրանսիական մի շարք քաղաքների հետ ակտիվ համագործակցություն է ծավալվել եւ համատեղ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվում ամենատարբեր, այդ թվում մշակութային ոլորտում:
“Վերջին տարիներին Երեւանը բազմաթիվ հանրահայտ երաժիշտների է ընդունել եւ մեզ համար պատիվ է հյուրընկալել նաեւ ձեզ: Գիտեմ, որ առաջին անգամ եք հանդես գալու երեւանյան բեմում: Վստահ եմ, որ համերգային անմոռանալի երեկո է սպասում”,-նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ցուցաբերած աջակցության եւ ջերմ հյուրընկալության համար` Անդրե Մանուկյանը նշել է, որ տպավորված է Երեւանով եւ անհամբեր սպասում է հանդիսատեսի հետ հանդիպմանը:
“Լինելով հայ, սակայն ապրելով ու ստեղծագործելով Ֆրանսիայում, ինձ համար մշտապես կարեւորվել է հայ մշակույթի տարածումը: Դա համարում են նաեւ իմ առաքելությունը”,-նշել է Անդրե Մանուկյանը:
Քաղաքապետը վտահեցրել է, որ մայրաքաղաքի դռները միշտ բաց են երաժշտի համար եւ հույս հայտնել, որ առաջիկայում Երեւանում կրկին հանդիպելու երաժշտական հաճելի առիթներ կլինեն:
Անդրե Մանուկյանն այցելել է նաեւ Երեւանի պատմության թանգարան, շրջել ցուցասրահներով, ծանոթացել Երեւանի պատմությանը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն