Իմ էությամբ գործադիրի մարդ եմ. Կարեն Կարապետյանը խախտեց լռությունը /վիդեո/
Այսօր ՀՀԿ համագումարից առաջ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ, պատգամավոր Կարեն Կարապետյանը խախտեց երկարատեւ լռությունը եւ պատասխանեց լրագրողների հարցերին:
Մամուլում տարբեր ժամանակներում շրջանառվող լուրերն այն մասին, թե ինքը ձգտում է վարչապետի պաշտոնին, համարում է “որոշ մարդկանց ֆանտազիայի արդյունք”, պատասխանելով Henaran.am –ի հարցին, ասաց Կարեն Կարապետյանը: Մեր մյուս հարցին, թե պարոն Կարապետյանն իրեն հոգեհարազատ է զգում օրենսդիր աշխատանքում, թե նախկին ` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, Կարեն Կարապետյանը պատասխանեց.’’Ես ավելի շատ իմ էությամբ գործադիրի մարդ եմ, ես սիրում եմ ավելի շատ գլուխս կախ աշխատել’’:
Հետաքրքրվեցինք, գուցե ա՞յս հանգամանքով են պայմանավորված մամուլում իր վարչապետ դառնալու հավակնությունների մասին շարունակ շրջանառվող լուրերը:
”Ամեն ինչ էլ կարող է շրջանառվել: Նման իրավասությունները նախագահի լիազորության դաշտում են: Հանրապետության նախագահն ում կորոշի, նա էլ կլինի: Արդեն վարչապետին հանել եք, մի հատ էլ նոր վարչապե՞տ եք դնում: Նախագահը երբ կորոշի եւ կգտնի հարմար, կփոխի”,- պատասխանեց Կարեն Կարապետյանը:
Հարցին, թե դեմ չէ՞ր լինի, եթե գործադիրում որեւէ նախարարի կամ փոխվարչապետի պաշտոն զբաղեցներ, Կարեն Կարապետյանը պատասխանեց.”Նախարարի պաշտոնի շրջանը ես վաղուց անցել եմ: Ես իմ ուժերը այս պահին շատ լավ օգտագործում եմ: Մեր ընտանիքի եւ իմ անձնական հնարավորությունները փորձում եմ օգտագործել մարդկանց աջակցության առումով: Բավականին ծավալուն աշխատանք է եւ այդ աշխատանքը մենք կատարում ենք: Հետագայում ինչպես կկողմնորոշվենք, ապագան ցույց կտա, ժամանակից առաջ պետք չէ առաջ անցնել”:
Կարեն Կարապետյանը շեշտեց, որ իր համար խնդիրը պաշտոնը չէ եւ պաշտոնն ինքնանպատակ չէ.”Պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում եւ մեզանից յուրաքանչյուրն ինչ ֆունկցիա կարող է կատարել: Դուք շատ լավ գիտեք նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը բավականին բարձր պաշտոն է եւ շատ լավ գիտեք, որ նախագահի համաձայնությամբ ես իմ կամքով դուրս եմ եկել այդ պաշտոնից”:
Դիտարկմանը, թե հնարավոր համարո՞ւմ է, որ երբեւէ իշխանական համակարգից դուրս գա եւ միայն գործարարությամբ զբաղվի, Կարապետյանն արձագանքեց.”Ես, ըստ էության, որեւէ բան չեմ բացառում: Ինձ ավելի հոգեհարազատ դաշտ է այդ դաշտը: Ես ինձ տեսնում եմ էդտեղ, ես նախկինում տնտեսվարող եմ եղել եւ լուրջ հաջողություններ եմ ունեցել”:
Կարեն Կարապետյանը պատասխանեց նաեւ իր խորհրդարանական աշխատանքին առնչվող հարցերին, մասնավորապես, թե ինչու այնքան էլ ակտիվ չէ ԱԺ նիստերին: “Պատգամավորի աշխատանքը միայն ԱԺ-ով չէ սահմանափակվում:
Կարծում եմ, այսօր ավելի մեծ անհրաժեշտություն կա ընտրողների կողքին լինել, երբ մարդկանց վիճակը ծանր է եւ մեր հնարավորությունների սահմաններում ավելի շատ պրակտիկ աշխատանքով ենք զբաղված: Եվ նրանով էլ կզբաղվենք եւ նրանով էլ: