Ծառուկյանը Րաֆֆիի ուղին հարթեց
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նախագահի հավանական թեկնածուների շարքում չի տեսնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Քաղաքագետը վստահ է, որ Քոչարյանը հիմա չի վերադառնա քաղաքականություն և նախագահական ընտրություններում էլ իրեն ոչ մի կերպ չի դրսևորի:
”Ես չեմ կարծում, որ Քոչարյանը կվերադառնա հենց հիմա, կամ առաջիկա 10 օրերի ընթացքում կորոշի դառնալ նախագահի թեկնածու, ինքը բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում առաջադրվել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը: Սակայն, Իսկանդարյանի խոսքով, սա չի նշանակում, որ երկրորդ նախագահը վերադառնալու և նախագահի աթոռին կրկին հայտնվելու որոշումը այլևս երբեք չի ունենա: ”Ապրենք 5 տարի և կտեսնենք”,-նշեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում քաղաքական ուժերի դիրքորոշումներին, ապա ՀՅԴ-ի դեպքում Իսկանդարյանը 2 տարբերակն էլ հնարավոր է համարում: ”Ինչպես ՀԱԿ-ը բավական տարբերակներ ունի, այնպես էլ ՀՅԴ-ը. ես կարող եմ ՀՅԴ-ի մասով 2 տարբերակն էլ պատկերացնել, որ նրանք և կարող են առաջադրվել, և չեն կարող առաջադրվել”,-նկատեց քաղաքագետը: Սեփական թեկնածու առաջադրելու դեպքում ՀՅԴ-ը կկարողանա իր ավանդական ընտրազանգվածը պահպանել:
”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության մասին քաղաքագետն ասաց, որ նա հաղթանակի հնարավորություններ չունի, նույնիսկ այն պարագայում, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվում և ԲՀԿ-ն էլ ոչ մեկին չի սատարում:
”Չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ուներ, ունի կամ կարող է ունենալ հաղթանակի հնարավորություն”,-նշեց Իսկանդարյանը հավելելով. ”իսկ ձայները մի քիչ ավելի շատ կհավաքի, քան այն դեպքում, եթե առաջադրվեր Ծառուկյանը”: