ՀԱԿ-ի 3 տարբերակը
”ՀԱԿ-ի դերը քիչ թե շատ պարզ էր, Տեր-Պետրոսյանը ցանկանում էր, որ Ծառուկյանն առաջադրվի և այդ դեպքում նա նրան կսատարեր”,-կարծիքը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանինն է: Ըստ նրա` ՀԱԿ-ն ունի երեք տարբերակ: Առաջին տարբերակը ընտրությունների չգնալն է, սեփական թեկնածու չառաջադրելը: Սակայն այս տարբերակն, ըստ քաղաքագետի ՀԱԿ-ի պարագայում անընդունելի կլինի:
Երկրորդ տարբերակով ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին և կառաջադրի ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանին: Այս դեպքում, Իսկանդարյանը շատ հնարավոր է համարում, որ ԲՀԿ-ի ընտրազանգվածը իր ձայնը տա առաջին նախագահին: ”Բայց ինձ թվում է, որ Տեր-Պետրոսյանը չի կարող հույս ունենալ 51%-ի, կարող է ունենալ 10%, 15%, բայց հիշենք` նախորդում նա 21-ն ուներ”,-նկատեց քաղաքագետը:
Երրորդ տարբերակով ՀԱԿ-ը կարող է առաջադրել որևէ այլ թեկնածուի, ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանին: Եվ ինչպես Իսկանդարյանն ասաց, այս դեպքում երբ ՀԱԿ-ի թեկնածուն կպարտվի, նրանք իրենց ընտրազանգվածի առաջ կարող են արդարանալ` հայտարարելով, որ իրենց թեկնածուն նոր է քաղաքական կարիերա սկսում և իրենք հաղթելու հույս չունեին էլ: