Սերժ Սարգսյանի հնարավորությունը
՛՛Պարոն Ծառուկյանի, ՛՛Բարգավաճ Հայաստանի՛՛ որոշմանը բոլորն էին սպասում: Նրա որոշումից էր կախված նախընտրական պայքարում մյուսների ռազմավարությունն ու դիրքորոշումը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ քաղաքագետի՝ եթե ԲՀԿ ղեկավարի դիրոքորոշումն այլ լիներ, այլ կլիներ նաև մյուսների դիրքորոշումը: Սակայն միասնական թեկնածու ամեն դեպքում չէր լինի: ՛՛Ես չէի էլ պատկերացնում ընդդիմության համախմբումը, դա դժվար է պատկերացնել, նույնիսկ եթե Ծառուկյանն առաջադրվեր: Մի քանիսը կմիանային նրան, սակայն ոչ բոլորը՛՛,-նշեց նա:
Իսկանդարյանի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանն այս որոշումն ընդունել է որպես բիզնեսմեն, այսինքն՝ հաշվարկել է, որ այն վնասները, որ նա կունենար բիզնեսում առաջադրման դեպքում ավելին էին, քան դրական կողմերը, որ կտար նրան ընտրությունը:
՛՛Սակայն ես կարծում եմ, որ նա սխալվել է, բայց ես Ծառուկյանը չեմ՛՛,-ասաց քաղաքագետը: Վերջինս նախագահական ընտրությունների արդյունքը հիմա ավելի կանխատեսելի է համարում, քան տաս օր առաջ էր: Գործող նախագահ Սերժ Սարգսյանը, Իսկանդարյանի համոզմամբ, հնարավորություն ունի 51-80% ձայն հավաքել: Նրա օգտին կարող է քվեարկել ԲՀԿ-ի ընտրազանգվածի մի մասը: Մյուս մասը, քաղաքագետի խոսքով, կքվեարկի ՀԱԿ-ի թեկնածուի օգտին, իհարկե եթե այդպիսին լինի: