27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, անբարոյականների խրախճանքը դատախազությունում շարունակվում է

 “Ժողովուրդ” օրաթերթը, պատասխանելով Հայաստանի գլխավոր դատախազությանը, հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. “Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, անբարոյականների խրախճանքը ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում է: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ “Ժողովուրդ” օրաթերթը երեկ երեկոյան տեղեկություն ստացավ այն մասին, որ Արարատի մարզի դատախազի տեղակալը եւ ՀՀ Ոստիկանության Մասիս քաղաքի քննչականի պետ Գեւորգ Սիմոնյանը վիճաբանել են, որից հետո ծեծկրտուք է եղել: ՀՀ ոստիկանությունից մեզ պաշտոնապես տեղեկացրեցին, որ իսկապես ինչ որ միջադեպ եղել է, բայց գործն իրենց մոտ չէ:

“Ժողովուրդ”-ը զանգահարեց նաեւ ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանին: Վերջինս ասաց, որ ոչ թե դատախազի տեղակալն է եղել, այլ դատախազության դատախազը՝ հրաժարվելով ասել նրա անունը: “Վաղը զանգեք, կասեմ անունը: Միայն կարող եմ ասել, որ այո, միջադեպը տեղի է ունեցել դատախազի աշխատասենյակում: Սրվածություն է եղել: Հարուցվել է քրեական գործ քր.օր-ի 316 հոդվածի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Կատարվում է նախաքննություն”,- սա էր գլխավոր դատախազի մամուլի խոսնակի պատասխանը:

Այսինքն՝ փաստ է, որ դատախազին ծեծել է քննչականի պետը: Ու քանի որ “Ժողովուրդ”-ն ունի օպերատիվության խնդիր, որոշվեց հրապարակել է լուրը` հավելումով, որ դատախազն այս օրերին մուգ ակնոցներ է կրում, որ կապտուկները չերեւան: Իսկ դատախազի անունն էլ ճշտեցինք մեր աղբյուրներից, որոնք սխալվել էին միայն ազգանունի հարցում, ինչի համար հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը: Գրել ենք Սեւակ Արսենյան, այնինչ պետք է գրեինք Սեւակ Նազարպուր:

Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ դատախազության աշխատակիցները` առավել եւս մամլո խոսնակը մեզանից նեղանալու, անբարեխիղճ բնութագիրը տալու որեւէ հիմք չունեն: Ի վերջո մենք չենք հրապարակել չճշտված տեղեկություն, ընդհակառակը` երկու պաշտոնական աղբյուրներ հաստատել են միջադեպի տեղեկությունը: Բայց քանի որ դատախազները Հայաստանում աշխատում են միայն իրենց հայտնի բարքերով ու անհասկանալի է, թե մարմնի որ մասով են մտածում, ուստի այսօր հայտարարություն է տարածվել, թե “Ժողովուրդ” օրաթերթն անբարեխիղճ է:

Իհարկե, եթե “Ժողովուրդ”-ը չի հրապարակում դատախազության քիմքին հաճելի նյութեր, չի աստվածացնում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, չի թաքցնում դատախազների անբարոյական կերպարները, “անբարեխիղճ” է: Հիշեցնենք, որ նույն “Ժողովուրդ” օրաթերթը հրապարակեց Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Մելքոնյանի ապօրինությունների մասին: Մելքոնյանը մեքենան կանգնեցնելու համար ապտակել էր ՃՈ աշխատակցին, այնուհետեւ նրան հրավիրել է իր աշխատասենյակ եւ դաժանաբար ծեծել: Իսկ դատախազությունը շարունակում էր թաքցնել իրենց հանցանքները:

Հիմա ո՞վ է անբարեխիղճ. Դատախազությո՞ւնը, որ ընտրովի լրատվամիջոցների հետ է աշխատում եւ բացառիկ նյութեր է ապահովում մեկ-երկու լրատվամիջոցի, թե “Ժողովուրդ”-ը, որ իր ընթերցողների հետ առավելագույնս ազնիվ է եւ ստացած ցանկացած տեղեկություն ճշտելով տարբեր աղբյուրներից, հրապարակում է:

Դատեք ինքներդ: Իսկ մենք կշարունակենք աշխատել նույն ոճով պահպանելով լրագրողական էթիկայի բոլոր կանոնները”,- նշել է թերթի խմբագրակազմը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ