Տեր-Պետրոսյանը՝ միասնական թեկնածու. Զոյա Թադեւոսյան
Հայաստանում նախագահի թեկնածուն չի բավարարում այն չափանիշներին, որոնք որպես կանոն, կան պատմությունը հարգող ժողովուրդների մեջ:Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՛՛Ժողովրդի իշխանություն՛՛ հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Զոյա Թադևոսյանը:
Նրա խոսքով, նախագահը պետք է լինի բանիմաց, գրագետ, ունենա մեծ հեղինակություն, քաղաքական որոշակի գործընթացներում կոփված լինի եւ իր խոսքում չասի՝ ՛՛պտի՛՛, ՛՛որտև՛՛ և այլն:
Բանախոսի կարծիքով, այսօր ՀՀ նախագահի թեկնածուներից ոմանք պարզապես փորձում են ինքնահաստատվել եւ ստացվում է էնպես, որ ցանկացած ոք կարող է իրեն նախագահ զգալ:
Ինչ վերաբերվում է գործող նախագահի ֆավորիտ լինելուն, ըստ բանախոսի, 35 տոկոս աղքատություն ունեցող երկրում գործող նախագահը ֆավորիտ լինել չի կարող, նա կարող է ֆավորիտ լինել ոչ թե ողջ հասարակության համար, այլ ՀՀԿ-ի:
Անդրադառնալով նախագահական ընտրությունների շուրջ ՀԱԿ-ում առկա հակասություններին, Զոյա Թադեւոսյանն ասել է, որ խոսքը կարծիքների բախման մասին է: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ նրա չի լռում, այլ աշխատում է: ՀԱԿ առաջնորդի լռությունը Զոյա Թադեւոսյանը բացատրում է, որ նա պարզապես հարցազրույցներ չի տալիս:
Զոյա Թադևոսյանը որպես ընդդիմության միասնական թեկնածու տեսնում է Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ չի բացառում միասնական թեկնածուի հնարավորությունը: