125 մարդ է սպանվել Սիրիայի` ալավիներով բնակեցված գյուղում
Առնվազն 125 մարդ է դարձել ուժեղ պայթյունների զոհը Սիրիայի կենտրոնում գտնվող Համա նահանգում` ալավիներով բնակեցված Ակրաբ բնակավայրում, հաղորդում է “AFP”-ը` հղում անելով “Syrian Observatory for Human Rights” կազմակերպությանը:
Իրավապաշտպանները հայտնել են, որ առայժմ իրենք չեն կարող որեւէ փաստ ներկայացնել, որը կապացուցի, որ ապստամբների խմբավորումները կապ ունեն սպանությունների հետ: Սակայն եթե դա հաստատվի, ապա դա կլինի ապստամբների ամենազանգվածային գործողությունը ալավիների դեմ սիրիական հակամարտության ողջ ընթացքում:
Ալավիները, ովքեր իրենց համարում են իսլամի շիաների ճյուղի մասը, Սիրիայի բնակչության 15 տոկոսն են կազմում: Այդ ուսմունքին են հետեւում երկրի կառավարող վերնախավի ներկայացուցիչների մեծ մասը, այդ թվում` նախագահ Բաշար ալ-Ասադը:
Ալավիների զանգվածային սպանության մասին լուրը հայտնվեց ԱՄՆ Պետդեպարտամենտի` ապստամբների “Ալ-Նուսրա” խմբավորումը ահաբեկչական կազմակերպությունների ցանկին դասելու որոշման ֆոնի վրա: Վաշինգտոնի տվյալներով` այդ խմբավորումը պատասխանատու է Սիրիայի տարածքում իրագործված ավելի քան 600 ահաբեկչությունների համար եւ կապված է “Ալ-Քաիդայի” հետ:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից: 2012-ի ամռանը ՄԱԿ-ը եւ երկրի իշխանությունները Սիրիայում կատարվող իրադարձությունները պաշտոնապես քաղաքացիական պատերազմ հայտարարեցին: Իրավապաշտպանների տվյալներով` մինչ օրս հակամարտության զոհն է դարձել 42 հազար մարդ: