Մարդու իրավունքները, ԵԱՀԿ-ն եւ ռոքը
Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ս.թ. դեկտեմբերի 10-ին և 11-ին Երևանում և Վանաձորում տեղի ունեցավ ռոք համերգ, թվային դարաշրջանում մարդու իրավունքների վերաբերյալ ֆիլմերի փառատոն, երիտասարդական բանավեճ և դատախաղ-մրցույթ:
«Խրախուսելով երիտասարդներին բարձրաձայնել իրենց տեսակետները` մենք հույս ունենք ոչ միայն խթանել մարդու իրավունքների հիմնական սկզբունքների հանդեպ հարգանքն ու ըմբռնումը, այլև հնարավորություն տալ երիտասարդ ակտիվիստներին շարունակել տարածել մարդու իրավունքների ուղերձը բոլորի համար», նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեսպան Անդրեյ Սորոկինը:
Որդան Կարմիր, Բամբիռ, Դոգմա և Լավ էլի ռոք խմբերը ելույթ ունեցան դեկտեմբերի 11-ին Վանաձորում կազմակերպված համերգի ժամանակ: Համերգը, որն անցկացվում է արդեն 3-րդ անգամ, դարձել է համամարդկային մարդու իրավուքների և խաղաղության արժեքների խթանման ավանդույթ:
Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված ժյուրին հանձնեց Մարդու իրավունքների վերաբերյալ ֆիլմերի փառատոնի մրցանակները: Առաջին տեղի մրցանակը ստացավ Homo Habilis ֆիլմը, իսկ երկրորդը` Real rights in virtual life ֆիլմը: YouTube-յան քվեարկության արդյունքում առաջին տեղի մրցանակին արժանացավ Enter ֆիլմը, իսկ երկրորդ մրցանակը` Know your rights in the digital age ֆիլմը: Ֆիլմերը կարելի է դիտել YouTube-ում. http://www.youtube.com/playlist?list=PLB8B6BF00E8875C50&feature=view_all.
Հայաստանի վեց մարզերի և Երևանի ավագ դպրոցի մի քանի աշակերտներ մասնակցեցին Մարդու իրավունքների պաշտպանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված դատախաղ-մրցույթին:
Մոտ 30 երիտասարդ քննարկեց մարդու իրավուքների վերաբերյալ մի շարք խնդիրներ դեկտեմբերի 10-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախագահությամբ բանավեճի ընթացքում:
Միջոցառումները կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Հայստանում ՄԱԿ-ի գրասենյակը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:
Henaran.am-ին տեղեկացնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: