Ծուղա՞կ իշխանության համար
”Թե ինչ է իրենից ներկայացնում Եվրաասիական միությունը, լավագույնս ասել է Վլադիմիր Պուտինը, այո, այն ռուսաստանակենտրոն բևեռ ստեղծելու նախագիծ է` ի հակակշիռ եվրոմիության, ի հակակշիռ Արևմուտքի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգության” վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նրա համոզմամբ` հայտնի է, որ եթե Հայաստանը փորձի միանալ այս նախագծին, ապա պետք է փորձի հստակ հրաժեշտ տալ նաև եվրոպական նախագծին: Այս պարագայում, ըստ Սաֆարյանի, չափազանց մտահոգիչ են իշխանության ստորագրությունները տարբեր փաստաթղթերի ներքո: Այդ փաստաթղթերի միջոցով Հայաստանը փաստացի կարող է շրջադարձ կատարել իր հռչակված կուրսից և սահմանափակել Եվրոպայի հետ իր հարաբերությունները:
Ինչ վերաբերում է Եվրաասիական միության նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքին, ապա Սաֆարյանը նկատեց. ”Կարծում եմ` Հիլարի Քլինթոնի ուղերձը ոչ միայն ԱՄՆ-ի անելիքների մասին է Եվրասիական միության մասով, այլև հստակ ազդանշան է Հայաստանի նման երկրներին”:
Սաֆարյանը վստահեցնում է, որ չափազանց տեսանելի է այն բարձրաձայնվող և չբարձաձայնվող աշխատանքը, որ տանում է Ռուսաստանն այդ միության հետ` քաղաքական վերնախավերին գրավելու, ծուղակը գցելու, ներքաշելու ուղղությամբ: ”Դրանք արդեն տևական ժամանակ է, որ քաղաքական գիծ են: Իհարկե, Հայաստանի իշխանությունները կարող են իրենց համոզել, որ դա լուրջ չէ և մասնակցել ցանկացած բանի, բայց, ըստ էության, կուրսը չափազանց լուրջ է, և այդ առումով այս լրջությունը երևում է նաև արևմտյան դիվանագետների ու Քլինթոնի հայտարարություններից”,-եզրափակեց Սաֆարյանը: