Այսօր Տանգոյի միջազգային օրն է /վիդեո/
Դեկտեմբերի 11-ին` արգենտինացի հայտնի կինոդերասան եւ երգիչ, “Տանգոյի արքա” Կարլոս Գարդելի ծննդյան օրը, նշվում է Տանգոյի միջազգային օրը:
Տանգոն այն պարն է, որի փիլիսոփայության հիմքում հակամարտությունն է, կենտրոնում տղամարդը եւ կինն են` նրանց փոխհարաբերությունները, կոնֆլիկտները, կրքերը, հաշտությունը, խանդը, ատելությունը, այն բոլոր զգացմունքները, որ ծնվում են մարդու ներսում: Այս պարի ընթացքում ընդունված չէ խոսել, ժպտալ, նույնիսկ` նայել միմյանց աչքերի մեջ: Թույլատրելի է միայն հայացք եւ շուրթերի թեթեւակի շարժում: Տանգոն իմպրովիզ պար է, որի ընթացքում շատ կարեւոր է, որ զուգընկերները “լսեն” միմյանց: Այն ծնվում է ենթագիտակցական մակարդակում` ստեղծելով մի այլ իրականության զգացողություն:
Տանգոյի ծագման մի քանի տարբերակ կա, որոնցից ամենատարածվածն այն է, ըստ որի տանգոն առաջացել է Բուենոս Այրեսի արվարձաններում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին, երբ հանդիպել եւ միահյուսվել են աշխարհի մի քանի մշակութային ավանդույթներ` աֆրիկյան, կուբայական, արգենտինական, իսպանական, ինչպես նաեւ եվրոպական այլ պարեր: Եվ չնայած Արգենտինայում այն աղքատ թաղամասերի եւ միգրանտների պարն էր, այն արագորեն տարածվեց ողջ երկրում:
“Տանգո” բառը հայտնվել է ավելի վաղ, քան հենց պարը: Ի սկզբանե այն օգտագործվել է Կանարյան կղզիներում` “սեւամորթներին պարելու եւ թմբուկների վրա նվագելու” կանչելու համար: Ներկայումս տանգոյի մի քանի տարատեսակներ կան: