11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կալիֆորնիայում մեկնարկել է «ԱրմԹեք համաժողով 12» -ը

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային հինգերորդ համաժողովը և ռազմավարական բիզնես ֆորումը՝ 2012 ԱրմԹեք համաժողովը, այսօր մեկնարկեց Ստենֆորդ համալսարանի Քաղաքացիական և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետում: Համաժողովն այցելող բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտի ղեկավարների շարքում են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը: Այս ռազմավարական բիզնես ֆորումի նպատակն է միավորել բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտի ղեկավարների, հետազոտողների և գիտակրթական ու վենչուրային կապիտալի համայնքի ներկայացուցիչների և այլ ներդրողների, ինչպես նաև Սիլիկոնային հովտի, Հայաստանի, Եվրոպայի և այլ աշխարհագրական վայրերի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ուսումնասիրելու համար Սիլիկոնային հովտում և Հայաստանում հաջորդ սերնդի զարգացող շուկաները և հարակից տեխնոլոգիաները, ինչպես նաև ուղղորդելու համար Հայաստանը բարձր տեխնոլոգիաների զարգացման հաջորդ փուլ:

«Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը և ձեռքբերումները վերջին տարիների ընթացքում, ինչպես նաև հայկական տեխնոլոգիական հանրության զարգացման իրական անհրաժեշտությունը, ստիպում են մեզ բարելավել բարձր տեխնոլոգիաների մասնագետների կապը և համագործակցությունը, ստեղծել միջազգային գործարար հմտություններ և կատարելագործել զարգացած բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմը: Մենք պետք է նաև զարգացնենք բիզնես հնարավորություններ և ստեղծենք նոր կապեր՝ ապահովելու համար համատեղելի, համապարփակ գործունեություն, որը կբարելավի Հայաստանի և տեղեկատվական/բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար միջավայրը», – ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 

«ՏՏ ոլորտը շատ խոստումնալից է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև փոխշահավետ գործակցության տեսանկյունից: Ամերիկյան ՏՏ ներդրումները օգնում են փոխակերպել Հայաստանը 21-րդ դարի գիտելիքահենք տնտեսության. դա հենց այն է, ինչի կարիքն այս երկիրն ունի: Շնորհակալություն ԱՐՄԹԵՔԻ՝ այս կարևոր համաժողովի, բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ԱՄՆ-Հայաստան տնտեսական կապերի ամրապնդման մեջ իրենց ներդրման համար: Ես նաև ողջունում եմ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը, որը Հայաստանում ՏՏ ոլորտի առաջնորդն է», – հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերն:

«Հայաստանի տնտեսության հեռանկարները զգալիորեն պայմանավորված են բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմամբ», – ընդգծել է, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

 «Լինելով ակտիվորեն ներգրավված, ի թիվս այլ ներդրողների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի պաշտոնյաների,  ԽՍՀՄ փլուզումից  հետո «զրո տնտեսությունից» Հայաստանի անցումը  նոր տնտեսության դյուրացնելու գործում ես տեսա մի հրաշք, թե ինչպես այս փոքրիկ երկիրը ի վիճակի եղավ ընդամենը մի քանի տարում ստեղծել նախանձելի մակարդակի բարձր տեխնոլոգիաների ոլորտ և սկսեց իր ներդրումն ունենալ այդ բնագավառի համաշխարհային համայնքի մեջ: Մենք շատ շնորհակալ ենք Քաղաքացիական և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետին այս եզակի իրադարձությունը Ստենֆորդ համալսարանում հյուրընկալելու համար», – ասել է Սիլիկոնյան հովտի բարձր տեխնոլոգիաների ոլորտի վետերան և Արմթեք համաժողովի համահիմնադիր Թոնի Մորոյանը:

«Հինգերորդ ԱրմԹեք համաժողովը համախմբում է Հայաստանի կառավարության բարձրագույն մարմիններին, գործարար առաջնորդներին և գիտակրթական համայնքի ներկայացուցիչներին՝ ի ցուցադրում Հայաստանի բարձր տեխնոլոգիաների գործարար տնտեսության: Հայաստանում բարձր տեխնոլոգիաների տնտեսության կառուցման իր վաղ քննարկումների փուլից համաժողովը վերաճել է մինչև Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ներկայիս հաջողությունների տոնման փուլ:  Չնայած, որ միշտ ավելին անելու անհրաժեշտություն կա, Հայաստանի առաջընթացը անշուշտ տպավորիչ է»:

«Երբ ի հայտ են գալիս նոր տնտեսություններ, մենք տեսնում ենք ճկուն և կայուն ենթակառուցվածքների կառուցման մեծ ներուժ,  օգտագործելով զարգացող տեխնոլոգիաներ, ուսումնասիրելով նոր նյութեր և տեխնոլոգիաներ, անդրադառնալով շրջակա միջավայրի վրա ազդող խնդիրներին, որոնք, հնարավոր է, երկար ժամանակ անտեսված են եղել, և կիսելով մեր փորձը, թե ինչպես կանխել աղետները: ԱրմԹեք համաժողովը տրամադրում է եզակի հնարավորություն բահայատելու մեր մտքերը՝ այդ հարցերին անդրադառնալիս: Մենք ուրախությամբ հյուրընկալում ենք միջոցառումը և ակնկալում ենք արդյունավետ փոխներգործություն»,- ասել է Սթենֆորդ համալսարանի Քաղաքացիական և բնապահպանական ճարտարագիտության պրոֆեսոր Էնն Քիրեմիջյանը:   

 

Միջոցառումը կցուցադրի ՀՀ համաշխարհային բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ունակությունների տպավորիչ զարգացումը՝ միավորելով այն կազմակերպություններին, ներդրողներին ու անհատներին, ովքեր հետաքրքրված են Հայաստանում արագ աճող բարձր տեխնոլոգիաների ոլորտով:

Սա արդեն հինգերորդ ամենամյա ԱրմԹեք համաժողովն է, որն անց է կացվում «Սովորել անցյալից, բացահայտել ապագան»  կարգախոսի ներքո:

Այս մեկ օր տևողությամբ միջոցառումը միջավայր կտրամադրի բիզնեսի, կառավարության և կրթական ոլորտների ներկայացուցիչների համար՝ քննարկելու Հայաստանի բարձր տեխնոլոգիաների տնտեսությունը և հարթակ մշակելու դրա հետագա զարգացման համար: Օգտվելով «պանելային քննարկում» ձևաչափից՝ համաժողովը մասնակիցներին և ներկայացուցիչներին ներգրավելու պատշաճ ձևաչափ է տրամադրում հասնելու համաձայնության մի հարթակում, որը կօգնի որոշել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների տնտեսության զարգացման ուղղությունը մոտակա մի քանի տարիների համար: Բացի այդ, այն կբացահայտի մասնակիցների համար ներդրումային հնարավորություները, և կօգնի այս նորաստեղծ հանրապետությանն ավելի լավ հասկանալ և պատրաստել իր կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներն ու խնդիրները՝ նպաստելով անհատների և ներդրողների համար էլ ավելի բարենպաստ միջավայրի և Հայաստանին հատուկ արժեքների ստեղծմանը՝ Հայաստանի և Սիլիկոնային հովտի միջև արդեն իսկ առկա ամուր կապերի և կամրջի միջոցով Հայաստանում գործողություններ ծավալելու համար:

Չորս պանելային քննարկումներից բաղկացած ձևաչափը կխրախուսի ինտերակտիվ քննարկումներ լսարանի և ներկայացնողների միջև՝

I-Արագ աճող և զարգացող բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունն ու տնտեսությունը Հայաստանում

II-Հետազոտություն, նորարարություն և մասնագիտական զարգացում

III-Բիզնես միջավայր և ներդրումային հնարավորություններ

IV-Հեռակա նպատակներ՝ մարտահրավերներ, հնարավորություններ և հաջողության գործոններ:

Henaran.am –ին տեղեկացնում է Սինոփսիս Արմենիա ՓԲԸ լրատվական ծառայությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ