Կրծքագեղծի վիրահատության նոր մեթոդ կներդրվի
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ից ժամանած պլաստիկ վիրաբույժ, անվանի պրոֆեսոր Արթուր Սալիբյանը ներկայացրեց ուռուցքաբանական հիվանդությունների ժամանակ կրծքագեղձի վերականգնման և վիրահատության մեթոդի մեր երկրում ներդրման մանրամասները: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:
Արթուր Սալիբյանը երկու տարի է, ինչ Հայաստանի տարբեր բժշկական կենտրոնների պլաստիկ վիրաբույժների հետ մեր երկրում առաջին անգամ կատարում է ԱՄՆ-ում լայնորեն տարածված վիրահատության այս տեսակը:
«Երկու տարում մենք «Քանաքեռ Զեյթուն» և Հայ-ամերիկյան առոջության կենտրոններում կատարել ենք յոթ վիրահատություն»,- ասաց վիրաբույժը:
Արթուր Սաիլբյանը տեղեկացրեց նաև, որ ծրագրված է նոր մեթոդով վիրահատություններ անցկացնել նաև Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ողջունելով ուռուցքաբանության ոլորտում մասնագետի կատարած աշխատանքը` կարևորեց այն հանգամանքը, որ նախաձեռնությունն ուղղված է հատկապես այն կանանց, ովքեր ունեն նման վիրահատություն իրականացնելու բժշկական ցուցում, սակայն սոցիալապես անապահով են:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կրծքագեղծի վիրահատության նոր մեթոդի ներդրման նպատակով հայ մասնագետների հետ ստորագրել համապատասխան պայմանագիր:
Նշենք, որ կրծքագեղծի պահպանման երկու փուլ պահանջող վիրահատության ընթացքում կատարվում է կրծքագեղձի բուն գեղձային հյուսվածքի հեռացում և մաշկի տակ պրոթեզի տեղադրում, որի արդյունքում պահպանվում է կրծքագեղձի մաշկը և պտուկը: Այս վիրահատության առանձնահատկությունն այն է, որ վիրահատության ընթացքում միաժամանակ երկու մասնագետ` ուռուցքաբան և պլաստիկ վիրաբույժ են աշխատում` ստանալով կանանց համար, թե էսթետիկական, թե ուռուցքաբանական հիվանդության բուժման տեսանկյունից նախընտրելի արդյունք: