Հայաստանում չկա անկախ դատական համակարգ. Մարգարիտ Եսայան
“Եթե դուք կարծում եք, թե որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, պետք է ասեմ, որ մեր երկրում ամեն ինչ շատ լավ է, և խնդիր չունենք, ապա սխալվում եք` հենց մարդու իրավունքների ոլորտում մենք շատ անելիք ունենք”,-այսօր` մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը “Հենարան” մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը:
Մարգարիտ Եսայանը մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ լուրջ դիմում-բողոք որպես ԱԺ համապատասխան հանձնաժողովի փոխնախագահ, առ այսօր չի ստացել: Իրեն հասցեագրած դիմումները հիմնականում անձնավորված են եղել, ասենք, քաղաքացին բողոքել է հարեւանի բարձրացրած աղմուկից:
Պատգամավորի խոսքով, ՄԻ հետ կապված խնդիրների մեջ ամենաառաջնայինն այն է, որ Հայաստանում չկա անկախ դատական համակարգ: Անկախ պատգամավոր, նախկին իրավապաշտպան Էդմոն Մարուքյանն էլ լուրջ խնդիր համարեց մարդու իրավունքների պաշտպանության եւ վերականգնման մեխանիզմների անկատարությունը:Որպես օրինակ նախկին իրավապաշտպանը բերեց կալանքը` որպես խափանման միջոց կիրառելը, որի արդյունքը գերծանրաբեռնված ՔԿՀ-ներն են:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք դիտարկմամբ էլ` Հայաստանում ՄԻ խախտումը համակարգային բնույթ է կրում: “Այն երկրներում, որտեղ դատական մարմինն անկախ չէ, անիմաստ է խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին”,-համոզմունք հայտնեց նա եւ բերեց վիճակագրական տվյալներ` Հայաստանում արդարացման որոշումները երկու տոկոսի չեն հասնում, այն պարագայում, այլ երկրներում շուրջ 25 տոկոսի է հասնում ցուցանիշը: Իրավապաշտպանը առանձնացրեց հատկապեց ՄԻ խախտման դեպքերը ոստիկանությունում: