15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մանդատները և առաքելությունները պետք է հիմնված լինեն ոչ թե ընդհանուր մոտեցումների կամ ձևանմուշների վրա, այլ հատուկ մշակվեն աջակցելու համար քաղաքական որոշումների իրականացմանը

Հոկտեմբերի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում մասնակցեց ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպված «Մարտահրավերներ ամենամյա ֆորում 2015» հանդիպմանը, որին ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահական գործողությունների հարցերով օգնական Էդմոն Մյուլեն, մեկուկես տասնյակ պետություններից շուրջ վաթսուն ներկայացուցիչներ:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում մասնավորապես ասաց.

«Ուրախ եմ ողջունել ձեզ «Մարտահրավերներ ամենամյա ֆորում 2015» հանդիպմանը։ Կարճ ժամանակահատվածում ֆորումը վերածվել է քաղաքագետների, վերլուծաբանների եւ փորձագետների միջեւ խաղաղապահ գործողություններին նվիրված երկխոսության ռազմավարական կարևոր հարթակի։

Այսօր, երբ մենք նշում ենք երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի յոթանասուն ամյակը, խաղաղությանը, կայունությանը, անվտանգությանը սպառնացող մարտահրավերները, ֆաշիզմի դեմ հաղթանակից հետո, թերևս երբեք այսքան սուր կերպով չեն ծառացել մարդկության առջև, ինչպես այժմ։

Այս տարի նշվում է նաև ՄԱԿ-ի կազմավորման յոթանասուն ամյակը` մի կազմակերպություն, որը կոչված է հաստատելու խաղաղություն և կանխարգելելու անվտանգության սպառնալիքները։ Ինչպես վերջերս նշեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը` խաղաղապահության պահանջարկը երբեք այսքան բարձր չէր եղել, բայց նաև այն իրավիճակները, որտեղ տեղակայվում են խաղաղապահները երբեք այսքան դժվարին չեն եղել։

Առաջիկա երկու օրերի քննարկման թեման, իրոք, խիստ արդիական է, հատկապես մարդկության առջեւ ծառացող նոր մարտահրավերների համատեքստում։ Աշխարհի տարբեր կետերում առկա եւ ծագող ճգնաժամերը, ներառյալ զինված հակամարտությունները, դժբախտաբար, տակավին մեր առօրյա իրականության մաս են կազմում:

Հատկանշական է, որ միայն նախորդ շաբաթ, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում երկու կարևոր միջոցառումներ տեղի ունեցան` Խաղաղապահությանը նվիրված Առաջնորդների գագաթաժողովը և ԵԱՀԿ մասնակից երկրների ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղությանն ուղղված գործողությունների վերաբերյալ։ Հանդիպումներին Հայաստանն իր ակտիվ մասնակցությունը բերեց։ Հյուրընկալելով ներկա միջոցառումը Երևանում, Հայաստանը ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր հանձնառությունը` նպաստելու խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերին։

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս խաղաղապահության ոլորտում աստիճանաբար աճող ներգրավվածությանն ու ներդրմանը և հետևողականորեն կառուցում ու ամրապնդում է իր համապատասխան կարողությունները: Միջազգային համագործակցությունը, երկկողմ գործընկերությունը և աջակցությունն առանցքային դեր են խաղում համեմատաբար սահմանափակ ներուժ ունեցող երկրների ներգրավումն ապահովելու գործում: ԱՄՆ, Հունաստանի, Իտալիայի, Գերմանիայի կողմից Հայաստանի համապատասխան խաղաղապահ կարողությունների զարգացմանը ցուցաբերված աջակցությունը դրա լավ օրինակներից է:

Սեպտեմբերին Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության կազմակերպության նախագահությունը, որի շրջանակներում մենք մեծ տեղ ենք հատկացնում խաղաղապահ կարողությունների զարգացմանը: Այդ առումով կարևորում ենք ՀԱՊԿ-ի հետ փոխգործակցությունը Միավորված Ազգերի Կազմակերպության խաղաղապահության տնօրինության հետ 2012թ. ստորագրված Հուշագրի շրջանակներում:

Խաղաղապահ առաքելությունների նկատմամբ Հայաստանի մոտեցումը, ինչին անդրադարձավ Պաշտպանության նախարարը, կարելի է գնահատել ներկա և նախկին առաքելություններում մեր ներգրավվածության աշխարհագրությամբ՝ Աֆղանստան, Իրաք, Կոսովո, Լիբանան, Մալի:

Խաղաղապահությունը, 1940-ականների վերջին ձևավորվելով որպես ՄԱԿ-ի միջազգային դերակատարության առանձնահատուկ միջոց, անցել է զարգացման, ընդլայնման եւ ձեւափոխման ուղիով՝ համահունչ մարդկության առջեւ ծառացող նոր մարտահրավերներին։ Ի հայտ եկած նոր իրավիճակները, խնդիրները և նպատակները պահանջել ու պահանջում են անցած ուղու անաչառ գնահատական, առաջիկայի անելիքների նախանշում և համապատասխան ուղենիշերի մշակում: Մենք շահագրգիռ հետևում ենք խաղաղապահ գործողությունների հայեցակարգերի զարգացմանը և նոր մոտեցումների կիրառմանը: Այդ առումով կարևորում ենք Խաղաղության գործողությունների բարձր մակարդակի անկախ հանձնախմբի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացված զեկույցը: Այն, ցուցաբերելով հնարավորինս համակողմանի և հավասարակշիռ մոտեցում, կարող է հիմք հանդիսանալ հետագա գործնական քայլերի համար: Կցանկանայի ընդգծել նշված զեկույցի որոշ առանցքային եզրահանգումներ.

Նախ, հարատև խաղաղության կարելի է հասնել ոչ թե ուժի կիրառման, այլ քաղաքական լուծումների միջոցով։ Դրանք պետք է ընդունվեն հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ: Քաղաքական լուծումները պետք է որոշեն և ուղղորդեն խաղաղապահ գործողությունների ձևաչափը և հնարավոր տեղակայումը:

Այս համատեքստում, կցանկանայի անդրադարձ կատարել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի օրինակին: ԵԱՀԿ շրջանակներում մասնակից պետությունները հանձնառություն են ստանձնել առկա հակամարտությունները կարգավորել համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում խաղաղ և բանակցային ճանապարհով։ Քանի որ ԼՂ հակամարտության կարգավորման ձևաչափը դա Մինսկի Խմբի համանախագահությունն է, հետևաբար, բոլոր միջազգային ջանքերն` ուղղված այս հակամարտության կարգավորմանը, պետք է իրականացվեն նշված ձևաչափի շրջանակներում և դրա մոտեցմանը համահունչ: Բազմաթիվ առիթներով Մինսկի խմբի համանախագահների կողմից, այդ թվում` համանախագահ երկրների Նախագահների մակարդակով, հայտարարվել է, որ անվտանգության միջազգային երաշխիքները՝ ներառյալ խաղաղապահ գործողությունը, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար տարրերից է: Դրա նպատակը՝ հակամարտության քաղաքական կարգավորման պարագայում զինված ուժերի բաժանումն է և խաղաղության պահպանումը: Մինսկի խմբի համանախագահներին աջակցում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ղեկավարած թիմը, որը միակ մշտական ներկայությունն է հակամարտության գոտում և դիտարկում է հրադադարի ռեժիմի պահպանումը: Այս առաքելության կարողությունների ամրապնդումը կարող է նպաստավոր լինել կայունության ամրապնդման տեսանկյունից:

Երկրորդ, առաջնայնություն պետք է տրվի հակամարտությունների միջնորդությանն ու կանխարգելմանը:

Կրկին դիմեմ ղարաբաղյան հակամարտության օրինակին: Այս առումով պետք է նշել, որ Մինսկի խմբի համանախագահների միջազգային մանդատ ունեցող գործունեությունը վերաբերում է ոչ միայն միջնորդությանը, այլև պարունակում է կանխարգելման գործուն մեխանիզմներ։ Միջնորդների կողմից առաջարկված փոխվստահության և անվտանգության միջոցառումների ներդրումը, մասնավորապես հրադադարի ռեժիմի խախտումների և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, կարող է կանխարգելման գործուն մեխանիզմ հանդիսանալ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս սեպտեմբերի 28-ին ևս մեկ անգամ վերահաստատեցին այս կապակցությամբ իրենց առաջարկը:

Երրորդ, մանդատները և առաքելությունները պետք է հիմնված լինեն ոչ թե ընդհանուր մոտեցումների կամ ձևանմուշների վրա, այլ հատուկ մշակվեն աջակցելու համար քաղաքական որոշումների իրականացմանը: Յուրաքանչյուր իրավիճակի վերաբերյալ անհրաժեշտ է մշակել անհատական մոտեցումներ՝ խուսափելու համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում ընթացիկ գործընթացներին վնասելուց կամ միջամտելուց։

Կցանկանայի խոսքս ավարտել ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթաժողովում Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից մեջբերմամբ. «Միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը բոլորի՝ թե՛ մեծ, թե՛ փոքր պետությունների առաջնային պատասխանատվությունն է…: Ակնհայտ է, որ միայն համապարփակ, համադրված ու կշռադատված մոտեցմամբ է հնարավոր ունենալ խաղաղ և ապահով աշխարհ»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ