Նախագահի թեկնածուների քարոզարշավը հունվարի 21-ից
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում հաստատվեց 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք Նախագահի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ժամանակացույցը:
Նախագահի թեկնածուները առաջադրման անհրաժեշտ փաստաթղթեր կարող են ներկայացնել դեկտեմբերի 25-ից մինչեւ 2013 թվականի հունվարի 4-ը, իսկ գրանցումը կլինի հունվարի 4-ից մինչեւ հունվարի 14-ը:
Մինչեւ փետրվարի 8-ը թեկնածուները կարող են ներկայացնել ինքնաբացարկ: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունն էլ կսկսվի փետրվարի 9-ից ու կտեւի մինչեւ փետրվարի 13-ը:
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ից ու կավարտվի փետրվարի 16-ին:
Նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում թեկնածուներին եթերաժամ տրամադրող հեռուստաընկերությունները իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը պետք է հայտարարեն մինչեւ դեկտեմբերի 18-ը: Իսկ արտաքին գովազդային վահանակներ տնօրինող կառույցները թեկնածուներին գովազդային վահանակի գտնվելու վայրի, մակերեսի, քանակի եւ վարձավճարների մասին տեղեկատվություն պետք է տրամադրեն մինչեւ դեկտեմբերի 29-ը:
Էլեկտրոնային քվեարկության մասնակիցների ցուցակն էլ արտաքին գործերի նախարարությունն ու իրավաբանական անձանց ղեկավարները ԿԸՀ-ին պետք է տրամադրեն մինչեւ դեկտեմբերի 30-ը:
Տեղամասային հանձնաժողովների առաջին նիստերը կկայանան հունվարի 27-ին: Քվերակության վերջանկան արդյունքները ԿԸՀ-ն ամփոփում եւ ընտրությունների մասին արդյունքներն հրապարակում է քվեարկության օրվանից 7օր անց:
Հիշեցնենք, որ այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց նախագահի ընտրության օրը: