Հացադուլավոր դատապարտյալներից մեկը դադարեցրել է հացադուլը
“Նուբարաշեն” ՔԿ հաստատությունում հոկտեմբերի 22-ից հացադուլ հայտարարած 20-ամյա Սերոբ Մխիթարյանն այսօր դադարեցրել է հացադուլը:
Այս մասին Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց նրա մայրը՝ տիկին Մարիետան: Վերջինիս պատմելով, ամուսնու հետ տեսակցել է որդուն, հորդորել են դադարեցնել հացադուլը, քանի որ օգուտ չի բերի դրանով: “Տղաս բողոքում է անարդար վճռի դեմ, ոչ թե կալանավայրերի տնօրինության: Նա անմեղ է, գլխին սարքել են”,-ասաց մայրը:
Հիշեցնենք, որ Սերոբ Մխիթարյանը երեք հոգու հետ հացադուլ էր հայտարարել եւ կարել բերանը, իսկ նրանցից մեկը կտրել էր մատը եւ ուղարկել Հենարանի խմբագրություն:
Մոր պատմելով գողությունը կատարվել է Լաչինում, եւ դա արել է մայոր Արմեն Գաբրիելյանի որդին` Անդրանիկը: Տիկին Մարիետայի խոսքով, պաշտոնյա հայրը կարողացավ ազատության մեջ պահել իր որդուն, բայց Սերոբը վեց տարի պիտի անազատության մեջ լինի:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, Սերոբ Մխիթարյանը դատապարտվել է ԼՂՀ քրեական օրենսգրքի 177հ. 3-րդ (գողություն) եւ 165հ. 4-րդ (անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը) մասով: Քննիչի համապատասխան որոշմամբ նա 31.07.2012թ. ԼՂՀ-ից տեղափոխվել է ՀՀ, քանի-որ Ս. Մխիթարյանի նկատմամբ հարուցվել է եւս մեկ քրեական գործ: