Ո՞ւր էր Րաֆֆին, երբ պայքարում էր Ստյոպան
”Ժառանգության” վարչության անդամ Ստեփան Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը շնորհակալություն հայտնեց ”Հանրապետություն” կուսակցությանն ու ՀԺԿ-ին` դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում կայացած ընտրություններում իրեն սատարելու համար:
Սաֆարյանը ցավում է, որ ընդդիմությունը չմիավորվեց իր շուրջը, քանի որ նախագահական ընտրությունների նախաշեմին այս հաղթանակը լուրջ ռեսուրս կլիներ: Սաֆարյանը հայտնեց, որ իրեն սատարում էին ”Հանրապետության” տեղական կառույցը, ինչպես նաև ՀԱԿ մի քանի անդամներ, ովքեր նրա հետ միասին քարոզչություն էին անում: ՀՅԴ-ի հետ պայմանավորվածությունը եղել է օրենքի տարրը պահելը, և ոչ ավելին:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու Սաֆարյանի կողքին չէր նաև ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: ”Իմ քարոզարշավի բացմանը Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա է եղել, ցավոք, դրանից հետո ինքը հարգելի պատճառներով մեկնեց իր հայրիկի ութսունամյա հոբելյանին մասնակցելու, որից հետո վերադարաձել ու գնացել է Բաքու, բայց ինչպես ինքն ասաց, մասնակցեց ավարտական միջոցառումներին”,-պատասխանեց Սաֆարյանը:
Հարցին, թե ինչպես է Սաֆարյանը վերաբերում նրան, որ իր վստահված անձանց թվում էին նաև սատանիստներ, թիվ 1-ի թեկնածուն արձագանքեց, որ իր համար ավելի լավ է, ինքն աշխատի կիրթ մարդկանց հետ, թեկուզև սատանիստների, քան սևազգեստ քյարթուների հետ: