Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդին
Դեկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Աշգաբադում կայացած Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
Խորհրդի օրակարգը ներառում էր մեկ տասնյակից ավելի հարցեր դեկտեմբերի 5-ին կայանալիք ԱՊՀ գագաթաժողովին պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացվելիք փաստաթղթերի, ԱՊՀ տարածքում բազմակողմ համագործակցության առանցքային ուղղությունների վերաբերյալ:
ԱԳ նախարարները մասնավորապես քննարկեցին գործող թուրքմենական նախագահության կողմից նախաձեռնած ԱՊՀ-ում համակողմանի համագործակցության հետագա զարգացման մասին հռչակագրի նախագիծը, որը ներառվեց Համագործակցության անդամ երկրների ղեկավարների խորհրդի օրակարգում:
Նախարարների խորհրդում անդրադարձ եղավ նաեւ հումանիտար, բնապահպանական, անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերին:
Մասնավորապես՝ նիստի ընթացքում քննարկվեցին գալիք տարի “Համագործակցության մշակութային մայրաքաղաքները” միջպետական ծրագրի եւ 2013-2014թթ. ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության ոլորտում առաջնային միջոցառումների ծրագրի իրականացման հարցերը:
Քննարկվեց 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունների նախապատրաստման վերաբերյալ որոշման նախագիծը:
Նախարարական հանդիպման ուշադրության կենտրոնում էր նաեւ ԱՊՀ ոլորտային համագործակցության մարմինների աշխատանքը: Մասնավորապես՝ արտգործնախարարներն անդրադարձան ԱՊՀ մասնակից երկրների պետական եւ հասարակական հեռուստառադիոընկերությունների ղեկավարների խորհրդի գործունեությանը:
Աշգաբադում կայացավ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը 2013թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին վերջերս կայացած հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները, երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Նախարարներ Նալբանդյանն ու Գրիշչենկոն անդրադարձան դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին: