Լեւոն Զուրաբյանի համար ՀԱԿ-ի թեկնածուն Տեր-Պետրոսյանը չէ՞
“Ոչ ոք ոչ մեկի չի սպասում գիտեք, որ մի քանի քաղաքական ուժեր ձեռնարկել են բանակցութուններ հնարավոր համագործակցության շուրջ: Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ձեռնարկել են, սպասում են այդ բանակցությունների ավարտին”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` պատասխանելով այն հարցին, թե նախագահական ընտրություններին մասնակցության հարցը վերջապես պարզաբանելու համար ՀԱԿ-ը ո՞ւմ որոշմանն է սպասում:
Զուրաբյանը հայտարարեց, թե ՀՀ–ում աղճատված քաղաքական համակարգ է ստեղծվել, որի վկայությունը թիվ 1 եւ 35 ընտրատարածքներում անցկացված լրացուցիչ ընտրություններն են: “Հայաստանում ընտրություն ասվածը չկա”,-նշեց նա եւ հավելեց.”Սա է դրդում քաղաքական ուժերին փնտրել միասնական լուծում, որը կարող է, այո, քաղաքական ցնցում առաջացնել, ցնցել այն կեղծարար համակարգը, որը ստեղծված է: Մենք սպասում ենք բանակցությունների ավարտին”:
Պատասխանելով այն դիտարկմանը, թե եթե իր նշած “քաղաքական ցնցումն”, այսուհանդերձ, չկայանա, ՀԱԿ-ում քննարկում են ի դեմս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, ընտրություններին մասնակցելու հարցը, Լեւոն Զուրաբյանն ասաց.” Բացարձակապես նման քննարկում Կոնգրեսում չի եղել եւ բոլորն էլ Կոնգրեսում հասկանում են, որ նման քննարկումներ անելը դեռ վաղ է: Մենք չպետք է ելակետ ունենանք այս բանակցությունների տապալումը, ցանկացած քննարկում, որը նման ելակետի վրա է հիմնված, իրականում կվնասի բանակցություններին: Նման հարցերին կանդրադառանաք բանակցությունների ավարտից հետո”:
ՀԱԿ համակարգողին Henaran.am –ը հիշեցրեց ՀԱԿ առանցքային գործիչների` Նիկոլ Փաշինյանի եւ Հրանտ Բագրատյանի տեսակետները այն մասին, որ նախագահական ընտրություններին Կոնգրեսը պետք է մասնակցի իր թեկնածուով, որը ըստ նրանց, պետք է լինի ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ հետաքրքվեցինք, արդյո՞ք Լեւոն Զուրաբյանը կիսում է այս տեսակետը, թե Տեր-Պետրոսյանին այլընտրանք է տեսնում:
ՀԱԿ համակարգողը ուղիղ պատասխան չտվեց, ասաց.”Ես ինչ-որ կարծում եմ բազմաթիվ անգամ հրապարակային ասուլիսներով ասել եմ եւ դրա մասին արտահայտվել եմ”: