„Կանանց աչքերով նկարված ֆիմերը բարություն կբերեն այս տագնապահար աշխարհին“. Սեյրանուհի Գեղամյան
Երեկ երեկոյան Տիկնիկային թատրոնում մեկնարկեց „Կին“ միջազգային 9-րդ կինոփառատոնը: Այն տևելու է հինգ օր և ներկայացվելու են մրցութային ծրագրում նախատեսված 69 ֆիլմեր 25 երկրներից: Ընդհանուր ծրագրում են նաև շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները, «Շորտ շորտս փառատոնը և Ասիան» միջազգային կինոփառատոնի ընտրանին և ԲԱՖՏԱ-ում հաղթած կարճամետրաժ ֆիլմերը:
„Ուրախ եմ, որ այսօր այսքան շատ կանանց հետ եմ, – ոզջունելով ներկաներին և կինփառատոնի մասնակիցներին` ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Անրի Ռենոն, – ուրախ եմ, որ մենք աջակցել ենք այս փառատոնին, մի շարք պատճառներ կան դրա համար, օրինակ` այն, որ աշխարհում առաջին կին ռեժիսորը ֆրանսուհի էր կամ, որ հենց Ֆրանսիայում է կինոարտադրւթյունը սկսվել“:
Կինոփառատոնի մասնակիցներին իր խոսքով ոգևորեց նաև ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ տիկին Սեյրանուհի Գեղամյանը. „Կանանց աչքերով նկարված ֆիմերը բարություն կբերեն այս տագնապահար աշխարհին“:
Փառատոնի կայացման համար իրենց աջակցությունն են բերել ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը, Իսպանիայի դեսպանատունը, Շողակաթ հեռուստաընկերությունը: Իսկ ցուցադրություններն ավանդաբար տեղի են ունենում Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում:
Ժյուրիի կազմում են դերասան, գրող Զեք Պողոսյանը Արգենտինաից, կինոգետ Արծվի Բախչինյանը, ռեժիսոր Արման Չիլինգարյանը և դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը Հայաստանից, ռեժիսոր Մահվաշ Շեյխոլեսլամին Իրանից:
Կինոփառատոնը նպատակ ունի վերաիմաստավորելու կնոջ տեղն և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանելու նրա խնդիրները, նաև ձևավորել մի հենարան, որը կնպաստի կին ռեժիսորների ստեղծած ֆիլմերի հանրահռչակմանը Հայաստանում, նոր անունների բացահայտմանը և տարբեր ազգերի մշակույթների երկխոսությանը:
Կինոփառատոնի շրջանակում դեկտեմբերի 7-ին նախատեսված է «Կին ռեժիսորը ժամանակակից իրականության մեջ» թեմայով կլոր-սեղան և վարպետության դասեր: Փառատոնի ավարտին դիպլոմներ և մրցանակներ կշնորհվեն «Լավագույն ֆիլմ» և «Հատուկ մրցանակ» անվանակարգերում: