Վարչապետը ծանոթացել է Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, ծանոթացել կատարված հիմնանորոգման աշխատանքներին:
Տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները պետական ֆինանսավորման ծրագրով մեկնարկել էին 2011թ.: Նախագծային աշխատանքների համար ներդրվել է 18 մլն, իսկ շինաշխատանքների՝ 29 մլն 468 հազար դրամ: Վերանորոգվել է տուն-թանգարանի ողջ տարածքը. հիմնական ցուցադրության, գրասենյակային, ֆոնդային, և մինչև այդ չգործող կիսանկուղային հարկը հիմնանորոգվել է և վերածվել դահլիճի:
Այսօր տուն-թանգարանը ներկայանում է ժամանակակից չափանիշներին համապատասխան նոր ցուցադրությամբ, որում կարևորվել է Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության տեղն ու դերը 20-րդ դարի համաշխարհային և, մասնավորապես, հայկական երաժշտարվեստի զարգացման գործում, նրա անգնահատելի դերը հայկական սիմֆոնիկ երաժշտության հիմնադրման, սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման, օպերային ստուդիայի ձևավորման գործում: Օգտագործվել են նորագույն տեխնոլոգիաներ` գրավիչ ու ամբողջական ցուցադրություն ներկայացնելու համար: Այստեղ այցելուները բացի կոմպոզիտորի կյանքին հաղորդակից լինելուց, կներգրավվեն տարածաշրջանում միակ` ”Ես դիրիժոր եմ” ինտերակտիվ խաղին, որով կարող են փորձարկել իրենց դիրիժորական կարողությունները:
Վերանորոգումից հետո գործող հիմնական ցուցադրությունն իրականացվել է պետական ֆինանսավորման ծրագրով: Այն տուն-թանգարանի պատմության մեջ 3-րդ հիմնական ցուցադրությունն է, որի ձևավորման էսքիզային և դետալավորման նախագծային ու ցուցադրության աշխատանքներն իրականացվել են 2012թ:
Տուն-թանգարանը հիմնադրվել է 1963թ., բացվել` 1967 թ. նոյեմբերի 25-ին: Հանրապետության առաջին երաժշտական թանգարանն է:
Նալբանդյան 21 հասցեում գտնվող տուն-թանգարանի շենքը կառուցվել է 1925-26 թթ.` ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով և ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցանկում` որպես հանրապետական նշանակության հուշարձան: 1926 թ. ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ բնակարանը հատկացվել է Ալեքսանդր Սպենդիարյանին, որտեղ կոմպոզիտորն ապրել է մինչև կյանքի վերջը` 1928 թ.:
Տուն-թանգարանը ստեղծվել է նրա դստեր` Մարինա Սպենդիարովայի ջանքերով. թանգարանի հավաքածուի մեծ մասը`կոմպոզիտորի անձնական իրերը, փաստաթղթերը, նամականին և ձեռագրերը, նրա նվիրատվություններն են:
Պետական ֆինանսավորմամբ առաջին անգամ այն վերանորոգվել է 1987թթ., սակայն անցումային շրջանում առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով աշխատանքներն ամբողջությամբ չեն իրականացվել. վերանորոգվել էր միայն թանգարանի մշտական ցուցադրության տարածքը:
Կառավարության ղեկավարին է ներկայացվել նաև Ալեքսանդր Սպենդիարյանի 140-ամյակին նվիրված ”Հուշեր” ժողովածուն: