Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվեց Արթիկի թեմը
Դեկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ եւ Անմահ Պատարագի արարողության ընթացքում Հայրապետական սրբատառ կոնդակով Հայաստանում Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքերն առանձնացվեցին Շիրակի թեմից եւ հռչակվեցին իբրեւ մի նոր` Արթիկի թեմ: Նորաստեղծ թեմի առաջնորդ նշանակվեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Հայրապետական կոնդակում, որն ընթերցեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, մասնավորապես ասված է. “Փառք ենք բարձրացնում առ Աստված եւ մեր Եկեղեցու բարեպաշտ զավակների հետ կիսում Մեր սրտի անհուն ուրախությունը, որ Տերը պարգեւում է մեզ Իր առատ շնորհները` պայծառացնելով մեր Եկեղեցին, արդյունավորելով քարոզությունը Իր Սուրբ Ավետարանի, բազմապատկելով թիվը Իր Սուրբ Սեղանի սպասավորների եւ նորոգված ու նորակառույց եկեղեցիների, շենացնելով նաեւ մեր նվիրական հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը Իր բյուր օրհնությամբ միավորում է ազգս ի սփյուռս աշխարհի ու հավատքի լույսը ծագեցնում համայն հայոց վրա:
Հոգեւոր-եկեղեցական մեր կյանքի այս բարեհույս ընթացքները հրամայական են դարձնում նաեւ համայնքների վերակազմակերպումը` ի շահ Մեր զավակների հոգեւոր խնամքի: Վերջին տարիներին Հայրապետական սրբատառ կոնդակով Մենք` ընդառաջ անհրաժեշտություններին, հռչակեցինք Ֆրանսիայի հայոց թեմի եւ Հայաստանում Վայոց ձորի ու Տավուշի թեմերի ստեղծումը: Այսօր Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքները եւս անհրաժեշտությունն ունեն համախմբվելու որպես մեկ թեմ, որպեսզի եկեղեցավարչական գործունեութեան առավել արդյունաւոր կազմակերպմամբ առավելագույնս հոգացվեն հոգեւոր կարիքները Մեր զավակների եւ մատուցվող մշտական պաշտամունքով, Տիրոջ խոսքի մշտահունչ քարոզությամբ զորանա ու պայծառանա նրանց հոգեւոր կյանքը, նրանց սրտերում անսասան մնան հավատարմությունն ու նախանձախնդրությունը մեր Սուրբ Եկեղեցու եւ նվիրական արժեքների հանդեպ:
Արդ, Հայրապետական այսու կոնդակով Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքներն առանձնացնում ենք Շիրակի թեմի կազմից եւ հռչակում ենք ստեղծումը Արթիկի թեմի: Նորաստեղծ թեմի Առաջնորդի պաշտոնում ծառայության ենք կոչում Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանին: Թեմի հոգեւոր իրավասության սահմանը հաստատում ենք Արթիկի տարածաշրջանը` Հայրապետական կոնդակին կից գրությամբ ներկայացված համայնքներով: Տիրախնամ թեմի հավատավոր Մեր զավակներին հայրաբար հորդորում ենք, որ ըստ ամենայնի սիրով աջակից լինեն Թեմակալ Առաջնորդին` ի շինություն եւ ի զորություն նորաստեղծ թեմի:
Մենք վստահ ենք, որ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի առաջնորդությամբ եւ քաջեռանդ գործունեությամբ պիտի բարգավաճի Արթիկի թեմը, եւ նոր ձեռքբերումներով պիտի զարդարվի Մեր բարեպաշտ հայորդյաց ազգային եւ հոգեւոր-եկեղեցական կյանքը: Արթիկի թեմի հաստատման այս ուրախ առիթով շնորհավորում եւ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում թեմակալ առաջնորդին, թեմի հոգեւոր դասին եւ բարեպաշտ հաւատացյալներին: Մեր գնահատանքն ենք բերում Շիրակի թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, մարզային իշխանություններին ներդրած բարի ջանքերի համար` ի խնդիր Արթիկի հավատավոր հայորդյաց հոգեւոր-եկեղեցական կյանքի զորացման եւ տարածաշրջանում մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորման:
Աղոթում ենք առ Բարին Աստված, որ միշտ ծաղկյալ պահի Արթիկի թեմը` մշտատեւ խաղաղություն, բարօրություն եւ հաջողություններ շնորհելով մեր ժողովրդի հավատավոր զավակներին: Թող Աստված հանապազ օրհնությամբ Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի աշխարհասփյուռ մեր ժողովրդին, եւ թող հավետ պայծառ ու անսասան լինի Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:
“Հաստատո՛ւն կացէք ի հաւատս, ժրացարո՛ւք, զօրացարո՛ւք: Ամենայն ինչ ձեր սիրո՛վ լիցի”:
Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը նորանշանակ առաջնորդ Հովակիմ եպիսկոպոսին հանձնեց Արթիկի թեմի հռչակման կոնդակը` մաղթելով նրան արգասավոր ծառայություն ի պայծառություն Արթիկի թեմի եւ բարօրություն հավատավոր ժողովրդի:
Ս. Պատարագին ներկա էին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը եւ Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: