Մենք հայ ենք, դուք ո՞վ եք. թուրք հոդվածագիր
«Մենք հայ ենք, իսկ դուք ո՞վ եք» վերտառությամբ հոդվածում Նուրջան Բայսալը արձագանքել է օրերս Ջիզրե քաղաքում տեղի ունեցած սկանդալային միջադեպին, երբ թուրք ոստիկաններից մեկը դիմել էր քուրդ բնակչությանը՝ ասելով. «Բոլորդ հայ եք: Հայերը ձեզանով հպարտանում են», հայտնում է Ermenihaber.am-ը:
Բայսալն իր հոդվածում անդրադառնում է հայերի պատմությանն ու խիստ քննադատության ենթարկում ոստիկանի այդ ռասիստական հայտարարությունը:
Հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Ջիզրեյում պետության ոստիկանը ժողովրդին դիմելիս ասում է. «Հայերը ձեզանով հպարտանում են. Բոլորդ հայ եք»:
Այս խղճուկները կարծում են, թե քրդերին վիրավորել են այդ խոսքերով: Հավանաբար քրդերին բոլորովին չեն ճանաչում, քանզի քրդերը վերջին 10 տարում Հայոց ցեղասպանության և տեղի ունեցածի վերաբերյալ լուրջ հարցադրումներ են արել , ընդունել են ցեղասպանությունը, ամաչել են, որ այդ ամենի մի մասն են եղել և հայերից բազմաթիվ անգամ ներողություն են խնդրել: Այսօր որ քրդական գյուղ էլ գնաք, բնակիչները կպատմեն հայերի հետ տեղի ունեցած սարսափը:
Տարիներ շարունակ աշխատել եմ Թաթվանի գյուղերում, և այնտեղ մարդկանց մեծ մասը ամոթ է զգում այն բանի համար, որ հայերի կոտորածներին իրենց պապերն էլ են մասնակցել: Ամեն անգամ, երբ հայերի մասին խոսք է բացվում, ասում են. «հայերը այնքան լավն էին, որ բոլորը հիանում էին նրանցով: Այնքան բարի էին, որ բոլոր որբերին կերակրում էին, այնքան տաղանդավոր էին, որ այստեղ ինչքան գեղեցիկ բան կա, հայերից է մնացել»:
Ցավոք, քրդերի մոտ տեղի ունեցած այս վերափոխումը թուրքերի մոտ և Թուրքիայի արևմուտքում տեղի չի ունեցել: Հրանտ Դինքի թաղման ընթացքում ծնված հույսը շատ արագ հանգեց: Հայերը դեռևս շարունակում են ապրել աղավնիների պես: Իսկ այդ արտահայտությունը արած խղճուկ ոստիկանին մի երկու խոսք ունեմ ասելու.
Մենք հայ ենք, հույն ենք, ալևի ենք, սիրիացի փախստական ենք, եզդի ենք, քուրդ ենք և քո ատած ամեն բանն ենք: Ու բոլոր այս ինքնություններով հպարտանում ենք: Առանց ճնշման ու առանց գերիշխանություն պարտադրելու թուրք էլ կլինենք: Այս ինքնություններից ոչ մեկը մեզ համար խնդիր չի: Սակայն ձեզ նման ռասիստներն ու ֆաշիստներն ամբողջ աշխարհի և մարդկության համար տեղով մեկ խնդիր են:
Հայերը մեր եղբայրներն էին, որոնց ձեզ նման թուրքերն ու քրդերը ոչնչացրեցին: Երանի մի օր նրանք մեզ ներեն, և ձեր ասածի պես հայերը մեզանով հպարտանային: Վստահ եղեք, մեծ կարոտով սպասում եմ այդ օրվան, երբ հայերը մեզ հարազատի պես կընդունեն:
Այո, մենք հայ ենք:
Իսկ դո՞ւք: Դուք, որ վախից դեմքներդ ծածկած, ժողովրդի մեջ դուրս չեք գալիս: Վախենում եք գլուխներդ նույնիսկ հանել ոստիկանական մեքենայից, երբ մարդկանց վրա արցունքաբեր գազ եք լցնում, կրակ եք բացում, 75–ամյա ծերունուն` հացը ձեռքին սպանում եք, տների վրա ռումբեր նետում, այրում ու ավերում, քնած մարդկանց վրա հարձակվում, թույլ տալիս, որ երեխաների դիակները առանց թաղվելու փտեն փողոցներում: Ովքե՞ր եք դուք»:
Աղբյուր` Ermenihaber.am